Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար

Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու 
առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, տարբեր ֆորմատներով ակտիվ դիվանագիտական շփումներին զուգահեռ, Ադրբեջանի կողմից շարունակաբար տեսնում է ոչ կառուցողական, առավելապաշտական պահվածք, ուժի գործադրման սպառնալիքով բանակցությունների վրա ազդելու  ցանկություն և փորձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի հարցին:

«Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում: Մենք պատրաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որ նույն ինտենսիվությամբ ակտիվ աշխատանքներ շարունակվեն՝ տարածաշրջանում ի վերջո կայուն, երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար: Այս առումով մեր ակնկալիքները և մեր տրամադրվածությունը չեն փոխվել: Ուրիշ բան, որ մենք զուգահեռ այս բանակցությունների, շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական, ես կասեի՝ առավելապաշտական պահվածք, նաև տեսնում ենք ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու  ցանկություն և փորձ: Միայն այսպես և այդ համատեքստում, այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան: Դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ ևս մեկ սադրիչ գործողություն, նաև Ադրբեջանի հռետորաբանությունը»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ակնհայտորեն այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին: Այնուամենայնիվ, հայկական կողմը, չնայած սրան, շարունակելով իր նախկին գործելաոճը, կարծում է, որ վերջնական լուծումների պետք է հանգել բանակցությունների սեղանի շուրջ: Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am