Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մահացության ցուցանիշի նվազում, կյանքի որակի բարելավում. կաթվածի բուժման ծրագրի արդյունքները

Մահացության ցուցանիշի նվազում, կյանքի որակի բարելավում. կաթվածի բուժման 
ծրագրի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում 2019 թվականից իրականացվող գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի շրջանակում արդեն բուժօգնություն է ստացել 1800 քաղաքացի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի առողջապահության գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը տեղեկացրեց, որ տարեց տարի ավելանում է բուժօգնություն ստացած քաղաքացիների թիվը:

«Եթե 2019 թվականին շուրջ 350 անձ էր բուժօգնություն ստացել, ապա 2022 թվականին, երբ տարին դեռ չի ավարտվել, արդեն 500-ից ավելի անձ ընդգրվել է ծրագրում: Կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում ավելացել է ծրագրին միացած բուժհաստատությունների թիվը: Երևանի երեք բուժհաստատություններին միացել է նաև Գյումրու բժշկական կենտրոնը»,ասաց Արմինե Աղաջանյանը:

Առաջիկայում ևս նոր բուժհաստատություններ կմիանան ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում: Մինչ այդ Հայաստանում գլխուղեղի կաթվածի  բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհուրդը ուսումնասիրություններ է ացկացնում ծրագրին միանալ ցանկացող բուժհաստատություններում: Այս օրերին Հայաստանում գտնվող Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Վիկեն Բաբիկյանը, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդաբանության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն, որոնք նաև Հայաստանում գլխուղեղի կաթվածի  բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամներ են, բուժհաստատություններ կատարած այցերի ընթացքում վերհանել են այն բոլոր խնդիրները, որոնց ուղղությամբ աշխատելու տեղ կա: Միքայել Սքոն Մուրաթօղլուի խոսքով՝ աշխատանք կա կատարելու մի քանի ուղղությամբ:

«Առաջինը պետք է լայն իրազեկման աշխատանք կատարել հասարակության շրջանում, կրթել մարդկանց, ներկայացնել կանխարգելիչ միջոցառումները: Հաջորդը պետք է համակարգը զարգացնել և երրորդը՝ բարձրացնել մասնագիտական հմտությունների մակարդակը» ,-ասաց Միքայել Սքոն Մուրաթօղլուն:

Հայաստանում գտնվող Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբան Վիկեն Բաբիկյանը կարևորեց իրազեկման գործընթացները: Նա ընդգծեց, որ պետք է շարունակաբար տեղեկացնել առողջ ապրելակերպի, բուժման կարևոր շեշտադրումները:

«Հաճախ ենք խոսում առողջ ապրելակերպի մասին, սակայն մարդիկ պետք է հասկանան, որ դա ամենակարևոր գործոնն է: Անպայման պետք է հետևեն սննդակարգին, ապահովեն ֆիզիկական ակտիվություն: Յուրաքանչյուր անձ շաբաթը երեք ժամ պետք է մարզվել: Դրանից բացի, պետք է հրաժարվել ծխախոտից, և սննդակարգում նվազեցնել աղի քանակը»,-ասաց մասնագետը: Նա կարևորեց նաև բուժման ընթացքին հետևողական լինելը: Քիչ չեն դեպքերը, երբ կաթվածի պարագայում բժիշկները միջամտում են, փրկում են մարդու կյանքը, սակայն դեղերը ժամանակին չխմելու, առողջությանը չհետևելու համար կրկին նույն խնդրի առաջ են կանգնում: 

Առաջիկա անելիքները նախանշելուց զատ, մասնագետները շտապում են նաև ներկայացնել մինչ այժմ ծրագրի շրջանակում գրանցած արդյունքները: Հայաստանում գլխուղեղի կաթվածի  բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանը տեղեկացրեց, որ արդյունքները գոհացուցիչ են: Նկատվում է ինչպես կաթվածից մահացության ցուցանիշի նվազում, այնպես էլ բուժառուների կյանքի որակի բարելավում:

«Մահացության ցուցանիշը հիվանդանոցներում տատանվում էր 30-40 տոկոսի շրջանակում: Ծրագիրը ներդնելուց հետո այդ ցուցանիշը հասել է 20 տոկոսի: Թեպետ ասեմ, որ իր ազդեցությունն ունի նաև կաթվածի նկատմամբ ուշադրության ավելացումը, բժիշկները սկսել են ավելի խորությամբ հետազոտել հիվանդներին»,-ասաց Նունե Եղիազարյանը: Նրա խոսքով՝ կաթվածի բուժման նորագույն մոտեցումներից է համարվում անոթի լուսանցքի բացման տակտիկան: Բուժման այդ եղանակները մեծ արդյունավետություն ունեն և օգնում են խուսափել հաշմանդամությունից: Դրանք բավական թանկ արժեն, սակայն պետության հովանավորությամբ հասանելի են դառնում բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար:  

Կանադայից և ԱՄՆ-ից եկած հայազգի մասնագետները նկատեցին, որ Հայաստանում գրանցած ցուցանիշները, թե մահացության թվի կրճատման, թե բուժառուների կյանքի որակի բարելավման տեսանկյունից, մոտ են եվրոպական, կանադական, ամերիկյան բժշկական կենտրոնների տվյալներին: Եթե նախկինում կաթվածի հետևանքով մարդիկ չէին կարողանում վերադառնալ աշխատանքին, առօրյա գործերին, ապա այսօր արդեն բուժման արդյունավետության շնորհիվ պատկերն այլ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am