Հաջորդ տարի նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում. Ավանեսյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 12 բժշկական կենտրոնում իրականացվում են նախագծման կամ շինարարական աշխատանքներ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հաջորդ տարի էլ բյուջեով արդեն իսկ նախատեսվել են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հատվածի բարեկարգման հետ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է: Եթե Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով բավարար կետի է հասնում, նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի մասին: Եվ սա մեր կարևոր բարեփոխումներից է, որ կապիտալ ներդրումները հաջորդիվ պետք է ուղղվեն առաջնային օղակի բարեկարգումներին», -ասաց Ավանեսյանը:
Առողջապահության նախարարը հավելեց, որ աբմուլատորիաների բարեկարգումը բավականին լավ ազդեցություն է ունենալու ընդհանուր առողջապահական համակարգի վրա: