Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Քրիստին` միանձնյա առաջատար. թարգմանական. օգոստոս, 2022

«Երևանյան բեսթսելեր». Քրիստին` միանձնյա առաջատար. թարգմանական. օգոստոս, 
2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է օգոստոսի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի:

Երկրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ ամպերի մեջ» գիրքը։ «Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործություններից է: Առաջին անգամ լույս է տեսել 1935թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է այն ուղևորների շարքում, որոնք ակամա դառնում են մադամ Ժիզել կեղծանվամբ հայտնի վաշխառուի առեղծվածային սպանության վկաները: Հենց այդ փաստն էլ ստիպում է հռչակավոր խուզարկուին հանձն առնել խորհրդավոր գործի հետաքննությունն ու պարզել՝ ով կարող է կանգնած լինել դաժան սպանության հետևում: Թարգմանությունը` Տաթևիկ Թումանյանի։

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը երրորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը չորրորդ տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը հինգերորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը վեցերորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։ Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» յոթերորդ տեղում է։ 1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։ Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի։

Ութերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Ագաթա Քրիստիի «Մեծ քառյակը» իններորդ տեղում է։ «Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունը, առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպերից, քանի որ այն իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված պատմությունների շարք, որոնցում Պուարոն Հասթինգսի օգնությամբ փորձում է բացահայտել Մեծ քառյակի՝ միջազգային հանցավոր խմբավորման առեղծվածը, որի անդամները ջանք չեն խնայում Պուարոյին վերացնելու համար: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։

Տասներորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք: Թարգմանիչ՝ Ֆարիդա Մալխասյան։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Ագաթա Քրիստի

«Դիակը գրադարանում»

Էդիթ Պրինտ 97
2 -1

Ագաթա Քրիստի

«Մահ ամպերի մեջ»

Էդիթ Պրինտ 85
3 *

Ագաթա Քրիստի

«Սպանություններ այբբենական կարգով»

Էդիթ Պրինտ 75
4 -1

Էլիզաբեթ Գիլբերթ

«Ուտել, աղոթել, սիրել»

Զանգակ 66
5 +2

Ագաթա Քրիստի

«Սպանություն գոլֆի դաշտում»

Էդիթ Պրինտ 63
6 *

Ագաթա Քրիստի

«Սպանություն Արևելյան ճեպընթացում»

Էդիթ Պրինտ 52
7 +2

Ագաթա Քրիստի

«Էնդհաուզի առեղծվածը»

Էդիթ Պրինտ 44
8 -2

Խալեդ Հոսեյնի

«Օդապարուկ թռցնողը»

Զանգակ 43
9 *

Ագաթա Քրիստի

«Մեծ քառյակը»

Էդիթ Պրինտ 39
10 -6 «Բարի գործերի քաղաքը» Բուկինիստ 39

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am