Արցախ

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է նոր բնակավայրի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մասնակցել է նոր բնակավայրի բացման արարողությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում մասնակցել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի նորակառույց բնակավայրի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքից հետո ելույթով հանդես է եկել պետական նախարարը: Նրա խոսքով՝ Ասկերանի վերին ենթաշրջանի բռնազավթված Սղնախ, Մոխշմհատ, Ջրաղացներ և Մադաթաշեն համայնքների 95 տեղահանված ընտանիք առաջիկայում տեղափոխվելու են իրենց նոր բնակարանները:

«Պետական միջոցներով Աստղաշեն համայնքի տարածքում կառուցվում է շուրջ 130 առանձնատուն տեղահանված ընտանիքների համար, և այսօր դրանցից 95-ը կտրվի համապատասխան ընտանիքներին: Այս դժվարին պայմաններում մեր անկախության տոնի նշանավորման լավագույն ձևերից մեկը հենց բնակարանամուտ տոնելն է, որը ցուցադրում է հայրենի հողին կառչելու մեր մղումը: Այսօր, ի հեճուկս բազմաթիվ մարտահրավերների, կրկին արարում ենք և կորցրածի դիմաց կառուցում ենք, որպեսզի մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը պահենք հայկական»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Այնուհետև Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն անցկացրել է վիճակահանություն՝ նոր առանձնատների տրամադրման գործընթացը ադարացի ու թափանցիկ կերպով կազմակերպելու նպատակով, որի մանրամասները ներկայացրել է կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը:

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև պետական և հոգևոր մի խումբ այրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում