Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար». Հրազդանում նշում են Երիտասարդության միջազգային օրը

«Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց 
համար». Հրազդանում նշում են Երիտասարդության միջազգային օրը

ՀՐԱԶԴԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկումներ, շրջայցեր, վարպետության դասեր, ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, համերգ և այլ միջոցառումներ. «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում նշվում է Երիտասարդության միջազգային օրը, որը այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորեց Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ անվիճարկելի ճշմարտություն է, որ ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը, յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, և առաջադեմ են այն պետությունները, որտեղ երիտասարդները մասնակից են որոշումների ընդունմանը։  

«Երիտասարդների վրա կատարված ցանկացած ներդրում համարվում է ներդրում վաղվա օրվա, լավ ապագա ունենալու գործում։ Ըստ այդմ՝ վստա՛հ եղեք, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է իրականացնել բազմաթիվ երիտասարդական ծրագրեր՝ միտված երիտասարդների ներուժի բացահայտմանը, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացմանը, ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը և հատկապես մարզային երիտասարդության ինքնաիրացման համար համապատասխան պայմանների ստեղծմանը»,- ասաց նախարարը։

Նա կոչ արեց երիտասարդներին լինել  նորարար իրենց  ցանկություններում և նպատակներում, համարձակ՝ որոշումներում, հետևողական՝  գործողություններում, քանզի ապագան երիտասարդներինն է։

ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան նշեց, որ տպավորիչ է տեսնել ավագ սերնդին և երիտասարդներին միասին՝ նույն  միջոցառմանը։ Նա ներկաներին փոխանցեց  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտքերից, որում ասվում էր. «Համերաշխությունը և համագործակցությունը շատ կարևոր են ապագայի մարտահրավերներին դիմակայելու համար։ Այդ իսկ պատճառով համատեղ ջանքերի շնորհիվ միայն  կհասնենք ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ Եվ այդ նպատակներին  հասնելու համար մենք պետք է առաջնայինը օժանդակենք մեր երիտասարդներին՝  կրթության և հմտությունների զարգացման հարցում»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Լիլա Փիթրս Յահիանան բոլոր ծնողներին կոչ արեց ցանկացած հարցում լսել իրենց երեխաների կարծիքը:

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ընդգծեց, որ այս տարիների ընթացքում մի շարք բարեփոխումներ են իրականացրել, ինչը միտված է քաղաքում երիտասարդական կյանքը աշխուժացնելուն, և այդ աշխատանքն ավելի լայն մասշտաբներով շարունակվելու է նաև ապագայում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորեց երիտասարդներին և ներկայացրեց մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը,  արտերկրում երիտասարդական ծրագրերին մասնակցությանը, ծախսերի փոխհատուցմանը, որի նպատակն է խրախուսել երիտասարդների մասնակցությունը միջազգային ծրագրերին՝ փորձի փոխանակման նոր հմտությունների ձեռքբերման տեսակետից: Մարտիրոսյանը նաև Հրազդանի երիտասարդներին կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ սեպտեմբերին կայանալիք «STARMUS VI» միջազգային փառատոնին:

Միջոցառման ընթացքում մասնակից կառույցները առանձին տաղավարներում ներկայացրեցին երիտասարդներին ուղղված ծրագրերը և հնարավորությունները աշխատաշուկայի, կրթության, նոր հմտությունների ձեռքբերման և կամավորության ոլորտներում:

Սիրված լուսանկարիչ ու «բլոճիկների» հեղինակ Արեգ Բալայանը անցկացրեց սթրիթ արթի թեմայով վարպետության դաս բոլոր հետաքրքրված պատանիների և երիտասարդների համար։ Վարպետության դասի առաջին հատվածում Արեգը պատմեց արվեստի սթրիթ արթ ուղղության մասին, որից հետո երիտասարդները՝ Արեգ Բալայանի ղեկավարությամբ, ստեղծեցին սթրիթ արթի նոր գործ։

Միջոցառումները կեզրափակվեն համերգով, որտեղ ելույթ կունենա Nemra խումբը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am