Հասարակական

Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա

2 րոպեի ընթերցում

Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Կառավարության շենքի մոտ անցկացվեց բողոքի ակցիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի մոտ օգոստոսի 8-ի երեկոյան «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության անդամները ակցիա անցկացրին՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության շենքի մոտ հայտարարությամբ հանդես եկավ նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:

«Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչների առաջ դրվում է ապօրինի պահանջ՝ լքել իրենց հայրենի տները՝ նպատակ հետապնդելով խաթարելու Արցախը Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակը: Պահանջում ենք Հայաստանի ու Արցախի կառավարություններից թույլ չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի այնպիսի մեկնաբանություններ, որոնք իրականում բացակայում են այդ փաստաթղթից: Այն է՝ Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչների տարհանումն իրենց տներից»,-նշեց Նարեկ Այվազյանը՝ կոչ անելով կանգնել արցախցու կողքին:

Նախաձեռնության անդամները կոչ են անում չտրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության, բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների, ահաբեկչությունների ու շանտաժի մասին:

«Արցախի Հանրապետության ճանաչում» նախաձեռնությունը նախատեսում է ակցիաներ իրականացնել Հայաստանում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանությունների մոտ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչները մինչև ընդ օգոստոսի 25-ը պետք է տարհանվեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում