Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Գյումրիում մեկնարկեց Tech Week 2022-ը

Գյումրիում մեկնարկեց  Tech Week 2022-ը

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈւԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հուլիսի 2-ին մեկնարկեց  Tech Week 2022-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել բոլոր նրանց, ովքեր կարևորում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և նպատակ ունեն ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք, հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։

Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ: Ինչպես նաև կլինեն մոտիվացիոն ելույթներ՝ թվային աշխարհի 12 ոլորտներից, աշխատանքի տոնավաճառ, «Կորիզ» գաղափարների մրցույթ, հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթ, հաքատոն, որի ընթացքում կստեղծվի տվյալների արտահոսքերի մշտադիտարկման հայաստանյան հարթակ:

Այս ընթացքում՝ հուլիսի 2-4-ն ընթացող միջոցառումների շրջանակներում,  մասնակիցները հնարավորություն ունեն տեսնել հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերությունների, լսել նրանց իրական պատմությունները, կրկնել և գերազանցել այդ փորձը։

«Մենք շատ ենք կարևորում Հայաստանի համաչափ զարգացումը, որ բոլոր մարզերն ունենան այն հնարավորությունն, ինչն ունի Երևանը: Լինելով փոքր ու քիչ ռեսուրսներով երկիր՝ մենք չենք կարող չզարգացնել մարզերը: Տեսել ենք, որ կա բաց և որոշել ենք միավորելով ջանքերն ու միավորվելով տեխնոլոգիական համայնքի հետ՝ կյանքի կոչել այդ ամենը: Գյումրին Հայաստանում այս պահին երկրորդն է որպես տեխնոկենտրոն,  շատ ընկերություններ կան, շատերն էլ ցանկություն են հայտնում գալու ու իրենց գրասենյակները բացելու: Այս տեխնոշաբաթը հնարավորություն կտա քաղաքում նոր գրանսենյակներ բացելու, ու մենք ականատեսը կլինենք Գյումրու ամբողջ պոտենցյալի շարունակական բացահայտմանը. սկիզբը տրված է»,-«Արմենպրեսը»-ին տեղեկացրեց TCF ընկերության  համահիմնադիր, Tech Week 2022-ի համակազամակերպիչ Մարիամ Համբարձումյանը:

Արմենուհի Մխոյան   

                      








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]