Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Միջազգային հարաբերությունները կսկսեն զարգանալ պատերազմի ստվերում. Երևանում անցկացվեց փորձագիտական քննարկում

Միջազգային հարաբերությունները կսկսեն զարգանալ պատերազմի ստվերում. 
Երևանում անցկացվեց փորձագիտական քննարկում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր մակարդակներում ձևավորել են այնպիսի սերտ, բարեկամական, դաշնակցային հարաբերություններ, երբ հնարավոր է հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների քննարկել խնդիրներ ու առաջ շարժվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում ու դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով կլոր-սեղան քննարկմանը նշեց «Վալդայ» միջազգային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչովը:

«Մեր երկրները շատ սերտ հարաբերություններ են ձևավորել տարբեր ուղղություններով՝ քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական և ամենակարևորը՝ մարդկային: Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, Հայաստանի ներկայությունը Ռուսաստանում՝ կարևոր նշանակություն ունի: Բարեկամական կապերն առկա են երկկողմ հարաբերություններում, Եվրասիական հարթակում: Մենք դա գնահատում ենք, դա մեզ թույլ է տալիս հանգիստ ու առանց էմոցիաների վերաբերվել քննարկվող այն հարցերին, որտեղ մեր տեսակետները տարբեր են: Մենք հասկանում ենք, որ այդ հարցերը ևս կարող են լինել բարեկամական, սերտ, դաշնակցային հարաբերությունների մի մասը: Կարելի է ցանկացած խնդիր քննարկել ու առաջ շարժվել»,-ասաց Տիմոֆեյ Բորդաչովը:

Անդրադառնալով գլոբալ զարգացումներին, հակամարտություններին՝ Տիմոֆեյ Բորդաչովը նշեց, որ առաջիկա տարիներին, եթե ոչ տասնամյակներին, աշխարհն ապրելու է բավական ակտիվ ռազմական կոնֆլիկտների ժամանակաշրջանում: Նա նշեց՝ իհարկե, դա չի ենթադրում, որ սպառնում է գլոբալ աղետ, որովհետև միջուկային փոխադարձ զսպման գործոնն աշխատում է: Միջուկային պատերազմը չի բերի անհրաժեշտ քաղաքական արդյունքի, ու դա էլ կլինի զսպող գործոն ԱՄՆ-ի, ՌԴ-ի համար: Նրա խոսքով՝ կոնֆլիկտներ կլինեն, սակայն երկու երկրները կմշակեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան չանցնել երկուսի տարածքներին սպառնացող սահմանային գիծը:

Ըստ Բորդաչովի՝ կոնֆլիկտները կշարունակվեն, և այն երկրները, որոնք այդ տարածաշրջանների մաս են կազմում, կզգան դրանց ազդեցությունը: Դա կզգան նաև աշխարհի մյուս երկրները: Ընդգծեց,՝ հիմա երկրների միջազգային հարաբերությունները կսկսեն զարգանալ պատերազմի ստվերում:   

«Ռուսաստանի, Հայաստանի, այլ երկրների գլխավոր խնդիրներից կլինի ներքին կայունության մակարդակի բարձրացումը: Կոնֆլիկտները կշարունակվեն, պատերազմներն անխուսափելի են, և մենք նրանց հետ պետք է ապրենք»,-ասաց Բորդաչովը:

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկի խոսքով՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ գտնվում են այնպիսի կետում, որտեղ չէին ցանկանա լինել: Ըստ նրա՝ ուկրաինական զարգացումների ֆոնին այժմ իրենք հայացքների վերանայման պրոցեսում են:  

«Զարգացումներով պայմանավորվա՝ծ իրավիճակն ավելի պարզվեց, շատ հարցեր հստակեցվեցին մեզ համար: Պատրանքներից պետք է հրաժարվել: Շրջանառվող տարբեր թեզերով փորձ է արվում վախ ձևավորել հետխորհրդային երկրների մոտ և ոչ միայն: Մեր ներքին զգացողություններն այնպիսին են, որ Ռուսաստանը պատրաստ է տալ շատ ավելի մեծ ազատություն հետխորհրդային երկրներին, բայց երբ մեզ ասում են՝ ո՛չ, դուք կայսրություն եք, որը փորձում է բոլորին գրավել ու մեկուսացնել արտաքին աշխարհից, դա բոլորովին չի համապատասխանում այն ամենին, ինչ մենք տեսնում ենք: Ավելին կասեմ, Եվրասիական ինտեգրացիան, որն իրականացվում է վերջին ժամանակաշրջանում, կառուցվել է հենց այն հիմքով, որ  պատրաստ ենք հետխորհրդային երկրների հետ կիսվել մեր տնտեսական աճով»,-ասաց Սաֆրանչուկը:

Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը, Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ, Երևանում անցկացրեց կլոր սեղան «Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունն Ուկրաինայում ու դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]