Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Առաջատարն է «Ես կարդում եմ Ձեր մտքերը». փաստավավերագրական, մայիս, 2022

«Երևանյան բեսթսելեր». Առաջատարն է  «Ես կարդում եմ Ձեր մտքերը». 
փաստավավերագրական, մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքների։

Առաջին տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտը» երկրորդ հորիզոնականում է։ «Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։

Սիմոն Խաչատրյանի «Ես գիտեմ պատասխանները»  երրորդ տեղում է։ Գրքի հիմքում Հյու Օչինկլոս Բրաունի, Իմանուիլ Վելիկովսկու, Զաքարիա Սիտչինի, Հանս Բելամիի և Կարլ Բրյուգերի անգնահատելի աշխատանքներն են, ինչպես նաև Հին Կտակարանում նկարագրված հիմնական իրադարձությունները։ Գրքում ներկայացված են գիտական փաստարկներ, որոնք հակադրվում են մայրցամաքների, օվկիանոսների, լեռների, լճերի և հրաբուխների առաջացման ընդունված տեսություններին։ Այս գրքի ընթերցողը կարող է ծանոթանալ մեր Տիեզերքի առաջացման, բոլոր երկնային մարմինների ծագման և նրանց ճակատագրի հիմնախնդիրներին վերաբերող հեղափոխական մոտեցումներին։ Երկրի բոլոր մեգալիթյան շինությունների մանրամասն նկարագրությունը հին աշխարհի բոլոր հիմնական գաղտնիքների բացահայտման անվերապահ ճեղքումն է։ Հեղինակն ընթերցողին հրավիրում է միանալ այս ճանապարհորդությանը և անել սեփական եզրահանգումները։

Չորրորդ տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը։ Այս գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաառանցքային մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի այդ, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:

Հինգերորդ հորիզոնականում է Ջո Նավարոյի «Եղի՛ր բացառիկ» գիրքը։ FBI գործակալ Ջո Նավարոյի նոր գիրքը արդեն հասանելի է հայ ընթերցողին։ Երկար տարիներ FBI-ում աշխատելուց հետո, հեղինակը հերթական անգամ կիսում է ձեռք բերած փորձը, որը բաժանել է հինգ հիմնական սկզբունքների՝ ինքնատիրապետում, հետևողականություն, կոմունիկացիա, գործողություն, հոգեբանական կոմֆորտ։ Սա իսկական առաջնորդների համար գրքի նոր ձևաչափ է, որն ընթերցողին անպայման կօգնի իսկապես դառնալ և լինել բացառիկ։

Վեցերորդ տեղում է Չարլզ Դահիգի «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը։ Broadway-ի երգիչը, FBI-ի գործակալը, փորձառու օդաչուն եւ պատերազմի մասնակից գեներալն առաջին հայացքից որեւէ ընդհանրություն չունեն։ Բայց միայն առաջին հայացքից։ Չարլզ Դահիգը բացահայտում է նրանց միավորող հիմնական հանգամանքները՝ արդյունավետ գործելու եւ ապրելու գաղտնիքները: Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի, արագ եւ հաջողակ: Հեղինակը ներկայացնում է գիտական փաստերի եւ հաջողության պատմությունների հիման վրա կառուցված գիրք-ուղեցույց, որն ի հայտ է բերում մեր էներգիայի, ժամանակի եւ ինտելեկտի օգտագործման ամենաարդյունավետ բանաձեւը:

Վարդան Պետրոսյանի «Սկիզբը» յոթերորդ տեղում է։ Գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն…ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում՝ հանդիսանալով նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո…

Փոլ Էքմանի «Խաբիր ինձ» գիրքը ութերորդ տեղում է։ Էքմանը ամերիկացի հոգեբան է, հույզերի և ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում 20-րդ դարի լավագույն փորձագետներից մեկը: Առաջինն է քննության առել մարդկային հույզերն ու դրանց կապը դիմախաղերի հետ: Էքմանի ուսումնասիրության հիմքում մարդու հույզերի և խաբեության բնույթի փոփոխությունն է էմպիրիկ հետազոտությունների ընթացքում: Նա ժխտում է մարդաբանների համոզմունքը, որ մշակույթն է թելադրում դիմախաղերը՝ անշեղորեն պնդելով, որ դրանք համընդհանուր բնույթ և կենսաբանական հիմք ունեն:

Իններորդ հորիզոնականում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը տասներորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74),  «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Ջո Նավարո

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի 161
2 * Դենիել Գոուլման «Հուզական ինտելեկտը» Զանգակ 96
3 +6

Սիմոն Խաչատրյան

«Ես գիտեմ պատասխանները»

հեղ․հրատ 70
4 -1

Իլոն Մասկ

«Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին»

Դավինչի 60
5 *

Ջո Նավարո

«Եղի՛ր բացառիկ»

Դավինչի 59
6 *

Չարլզ Դահիգ

«Ավելի խելացի, արագ, հաջողակ»

Newmag 53
7 * Վարդան Պետրոսյան «Սկիզբ» Զանգակ 51
8 նոր

Փոլ Էքման

«Խաբիր ինձ»

Անտարես 43
9 * Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը» Վերնատուն 38
10 -5

Ջեյմս Քլիըր

«Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ 38

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]