Հասարակական

Աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է. ԿԳՄՍ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

Աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է. ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցունակ աշխատուժը երկրի և համայնքի տնտեսության զարգացման ամենակարևոր նախադրյալներից է, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը որպես առաջնահերթություն է սահմանել մարդկային կապիտալի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը, թիրախավորված և սոցիալական զարգացվածությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանում մեկնարկած Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովում այս մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունը որդեգրել է մարդկային կապիտալի ձևավորման շարունակական զարգացման քաղաքականություն՝ միտված աշխատանքի և բարձր արտադրողականության զբաղվածության խթանմանը:

«Նախարարության նոր ռազմավարության նախագծի շրջանակում առավել կարևորվում են մասնագիտության գիտակցված ընտրությունը, զբաղվածության խթանումը, ինչպես նաև կարիերայի զարգացման և վերապատրաստման արդյունավետ համակարգերի ներդրումը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ զբաղվածության ռազմավարությունը կընդունվի այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և բաղկացած կլինի մի քանի բաղադրիչներից:

Ռուբեն Սարգսյանն ընդգծեց, որ կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը՝ պետական կառավարման մի շարք կառույցներում համատեղ աշխատանքներ են իրականացվում՝ մասնավորապես աշխատուժի ձևավորման նպատակով:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ աշխարհի որևէ երկրում աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է: «Մեր խնդիրն է փորձել հասնել նրան, որ կրթության մեջ կատարվող ներդրումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն ունենան նաև երկրի տնտեսական կյանքում: Կա միջգերատեսչական կայուն երկխոսություն՝ կրթություն-աշխատաշուկա կապը ուժեղացնելու առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ 2021 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական չափորոշիչը, որը բովանդակային նոր մոտեցումներ է առաջարկում. այդ թվում ՀՀ բոլոր դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի ներդրում, որը սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հնարավորություն կընձեռնի:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հավելեց, որ իրենց նախարարությունը բաց է բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր կցանկանան մասնակից լինել մեր երկրի տեխնոլոգիական փոփոխությանը:

«Շատ կարևոր են ոչ միայն ունակությունները, այլև գիտելիքները: Մեծ փոփոխություններ անելու համար միայնակ դժվար է»,- նշեց նա

Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում