Արցախ

Համախմբում մեկ գաղափարի շուրջ. Արցախի Հաղորտի գյուղում բացվեց «Մունք» տեխնոդպրոցը 

7 րոպեի ընթերցում

Համախմբում մեկ գաղափարի շուրջ. Արցախի Հաղորտի գյուղում բացվեց «Մունք» տեխնոդպրոցը 

ՀԱՂՈՐՏԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում բացվեց «Մունք» տեխնոդպրոցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, տեխնոդպորցի նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիքներ տալն է, ինչը նրանց համար զարգացման հեռանկարներ կստեղծի իրենց իսկ բնակավայրերում և ճանապարհ կբացի դեպի տեղեկատվական տեխնոլոգիայի շուկա։

Տեխնոդպրոցի շենքն ունի երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ։ Նախագծի շրջանակում Հաղորտիի գյուղապետարանը տրամադրել է համայնքապետարանի շենքը։

Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող, «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանն է, ով Ստեփանակերտում ուսման և Երևանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ և մշակել է տեխնոդպրոցի գաղափարը։ Նա նշեց, որ «Ես» կրթական հիմնադրամի շրջանակում անհրաժեշտություն էր առաջացել հիմնադրել «Մունք» տեխնոդպրոցը, որը հնարավորություն է տալու Մարտունու ամբողջ շրջանի երիտասարդներին ժամանակակից տեխնոլոգիական կրթություն ստանալ։ Կրթական ծրագիրն իրականացվում է 3 փուլերով՝ «բացահայտում», «հմտացում», «սկսենք»:

Ավանեսյանի խոսքով՝ ծրագրի առաջին փուլով ՏՏ ոլորտի մասնագետները շրջում են Արցախի Մարտունու շրջանի տարբեր գյուղեր և բացահայտում երիտասարդների կրթական ներուժը։ Նախագծի շրջանակում արդեն երկու տարի արցախցի երիտասարդները կրթություն են ստանում, ձեռք են բերում մասնագիտական կողմնորոշում։

«Այս պահի դրությամբ բացահայտման փուլի շուրջ 120 մասնակից ունենք, որոնցից 40-ը գալու են տեխնոդպրոց և ստանալու բուն մասնագիտական կրթությունը։ Տեխնոդպրոցը տրամադրելու է որակյալ կրթություն ՏՏ ոլորտի 4 հիմնական ուղղություններով՝ ծրագրավորում, մարքեթինգ, դիզայն և ռոբոտաշինություն»,- ասաց Ավանեսյանը։

Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի շուրջ 1 միլիարդ դրամ, ինչպես նաև կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։

Ուսումն ավարտելուց հետո աշակերտները հնարավորություն են ստանալու իրենց սեփական ընկերությունները ստեղծել։

«Մեր երազանքն է, որպեսզի այս տեխնոդպրոցում սովորողը վաղն իր սեփական ընկերությունն ունենա և տեղում աշխատի»,- շեշտեց Ավանեսյանը։

Նախագիծն արդեն իսկ ունի հաջողված փորձ. «Start systems» ստարտափը, որը հիմնադրել են դասընթացի առաջին շրջանավարտները։ Ավելի քանի երկու տարի գործող ստարտափի առաջին արտադրանքը եղել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջի ստեղծումը։

«44-օրյա պատերազմից հետո գրեթե բոլորը գտնվում էին հոգեբանորեն ծանր վիճակում, և շատ դժվար էր, հատկապես մայրաքաղաքից հեռու բնակավայրում, ինչ-որ լուսավոր բան ստեղծել, բայց մեր միասնականությունը մեկ գաղափարի շուրջ ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ դժվար չէ, և մենք կարողացանք այն կյանքի կոչել»,- հավելեց Ավանեսյանը։

Նախագծի հեղինակի խոսքով՝ տեխնոդպրոցը մեկ տարում կարող է ունենալ մոտ 30 ՏՏ ոլորտի մասնագետ տարբեր ուղղություններով։

«Պատկերացրեք մի օր, երբ Արցախի ամեն մի գյուղի ամեն մի երիտասարդ հստակ իմանա իր անելիքները։ Վստահ լինի, որ ինքը ոչ միայն չի զիջում աշխարհի ցանկացած կետում ապրող իր տարիքի երիտասարդին գիտելիքով, փորձով, հմտություններով, այլ նաև գերազանցում է։ Միգուցե, նպատակի նշաձողը շատ բարձր է դրված, բայց սա միակ ճանապարհն է ունենալու այն, ինչի մասին վստահաբար կարող եմ ասել, որ երազել է մեր պատմության մեջ ցանկացած սերունդ»,- ընդգծեց Ավանեսյանը։

Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ էր շուրջ 67 միլիոն դրամ։ «ռեԱրմենիա» հարթակում իրականացված դրամահավաքի արդյունքում, որը տևեց շուրջ 3 ամիս, նախագծի համար հավաքվեց նախատեսվածից ավելին՝ 69 միլիոն դրամ:

«ռեԱրմինիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո հասարակությունը պառակտվել էր, ինչի հետևանքով ի հայտ էին եկել բազմաթիվ խնդիրներ, մեկ գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտություն կար։

«Այս ընթացքում հասկացանք, որ թշնամու համար ամենամեծ վտանգը մեր համախմբվածությունն է։ Նրանք թիրախավորում են մեր համախմբվածությունը և միասնականությունը, ուստի պետք էր համագործակցության արդյունավետ ձև գտնել՝ իրար հետ մեկ նպատակի շուրջ համախմբված ու ներդաշնակ աշխատելու համար։ Եվ հենց դրանից է բխել «ռեԱրմինիա» հարթակի ստեղծման գաղափարը։

«Մունք» տեխնոդպրոցի դրամահավաքն ամենամեծ դրամահավաքն է եղել և, փաստորեն, առաջիններից մեկն է, որը շոշափելի արդյունք է տալիս։ Մոտ 600 կազմակերպություն և անհատ համախմբվել ու իրար հետ ներդաշնակ աշխատել են մեկ գաղափարի շուրջ։ Սա լուրջ հիմք է տալիս հենվելու և եթե մեկ տարի առաջ այս նախագիծը երազանք էր, ապա այսօր այն արդեն իրականություն է։ Իրականում մենք մի լուրջ խնդիր ենք լուծել և այս փորձը արդեն պետք է ներդնենք այս և մյուս համայնքների առաջնային խնդիրները լուծելու համար»,- ընդգծեց Պողոսյանը։

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ Աշոտ Ավանեսյանի շուրջ հավաքված թիմի, այդ թվում՝ պայծառ երեխաների շնորհիվ կկարողանան շատ ավելի մեծ նպատակներ դնել ու հասնել դրանց։

«Հավատում եմ, որ մի քանի տարվա ընթացքում այնպիսի արդյունքներ ենք ունենալու, որոնց մասին հիմա չենք էլ երազում։ Եվ մի քանի տարի հետո, միգուցե 10-15 տարի հետո, ասելու ենք, որ շատ կարճատես էինք և շատ փոքր նպատակներ էինք մենք մեր առջև դնում։ Հավատում եմ, որ սա մեծ նպատակի մի շղթան է, որից վարակիչ ձևով շատ ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու։

Ուրախ եմ, որ հետպատերազմյան իրականության մեջ այս նախաձեռնությունը կարճ ժամկետում կյանքի կոչվեց ի շնորհիվ նախաձեռնող ու սրտացավ կազմակերպիչների ու աջակիցների:

Այս տեխնոդպրոցն օրինակելի մոդել է թե՛ արդիական կրթություն ապահովելու, թե՛ համայնքային զարգացման համար, որի շնորհիվ, համոզված եմ, Հաղորտիում և հարակից բնակավայրերում կրթական ու զարգացման մեծ հաջողություններ են արձանագրվելու: Կառավարությունը կանգնած է նման նախաձեռնությունների կողքին, քանի որ դրանք ամրացնում են Արցախի ռազմավարական զարգացման հիմքերը, և սա լավ օրինակ է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության»,- եզրափակեց Բեգլարյանը։

Կարեն Խաչատրյան

Լուսանկարը՝ Հայկ Մանուկյանի

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում