Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատում ԵԽ-ի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատում ԵԽ-ի ցուցաբերած աջակցությունը 
Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հիմնական գործընկերներից է մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչի հետ հանդիպումը։

«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և վստահ ենք, որ կշարունակենք կազմակերպության հետ արդյունավետ փոխգործակցությունը։ Այս համատեքստում ես ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առավելությունների ունեցած նպաստը Հայաստանում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման գործում և ընդգծել, որ 2018 թվականի և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչվել են ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխանող»,- շեշտեց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևոր գործիք է կազմակերպության կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագիրը, համագործակցության այս ձևաչափը կարևոր նշանակություն ունի թե Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրականացման, թե ընդհանուր առմամբ Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման համար։

«Այսօր տիկին գլխավոր քարտուղարի հետ գոհունակություն ենք հայտնել ներկայումս իրականացվող ծրագրի շրջանակներում արձանագրված հաջողությունների կապակցությամբ, և ցանկանում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել այս ձևաչափով համագործակցությունը՝ ձևավորելով նոր՝ 2023-26 թվականների գործողությունների ծրագիրը»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարն ընդգծեց՝ 2018 թվականին Հայաստանի ժողովուրդը միակամորեն ընտրել և 2021 թվականին վերահաստատել է ժողովրդավարական զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ապահովման և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղին և չի շեղվելու դրանից։

«Հայաստանը վճռական է առաջ շարժվելու բարեփոխումների օրակարգով և այդ ճանապարհով անցնելու է՝ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի հետ»,- եզրափակեց Միրզոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am