Հասարակական

Կառավարությունը պետական բյուջեից 268.5 միլիոն դրամ կտրամադրի մարզպետարանների սուբվենցիոն ծրագրերի համար

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը պետական բյուջեից 268.5 միլիոն դրամ կտրամադրի մարզպետարանների սուբվենցիոն ծրագրերի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը համաֆինանսավորմամբ պետական բյուջեից 268.5 միլիոն դրամ կտրամադրի մարզպետարանների սուբվենցիոն ծրագրերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ գումարը հատկացվելու է 18 բնակավայրերի 20 սուբվենցիոն ծրագրերի համար: «2022 թվականի հունվարից սկսած մենք արդեն 229 ծրագրի համար 5.6 միլիարդ դրամ տրամադրել էինք և ևս 20 ծրագրի համար այսօր ենք տրամադրում: Ընդհանուր այս տարի հունիսի 17-ի դրությամբ 249 ծրագիր ավարտում ենք և 5.9 միլիարդ դրամ հատկացնում ենք այս աշխատանքների համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Արարատի մարզում իրականացվել է 3 ծրագիր՝ 54 միլիոն դրամի հատկացմամբ, Արմավիրի մարզում՝ 6 ծրագիր՝ 81 միլիոն դրամի շրջանակներում, Գեղարքունիքում 5 ծրագիր ՝158 միլիոնով, Կոտայքում 2 ծրագիր՝ 202 միլիոն դրամով, Լոռու մարզում 2 ծրագիր՝ 35 միլիոն դրամով, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 4.6 միլիոնով, Սյունիքում 1 ծրագիր՝ 53 միլիոն դրամ հատկացմամբ:

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ շաբաթ Արարատի մարզ այցի ընթացքում նկատել է, որ ծավալուն աշխատանքներ են իրականացվում:

«Այն, ինչ տեսանք, շատ ուրախալի էր. աշխատանքները պատշաճ որակով են իրականացվում: Դրական տպավորություններով և լիցքերով ենք վերադարձել Արարատի մարզից և պլանավորում ենք բոլոր մարզեր նման այցեր կատարել»,-ընդգծեց վարչապետը՝ կարևորելով սուբվենցիոն ծրագրերով կաթիլային ոռոգման համար անհրաժեշտ ավազանների կառուցումը, որը շատ կարևոր տեխնոլոգիական համակարգ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում