ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են թանգարանից, հոբելյանական նշանակալի իրադարձության, ինչպես նաև՝ թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակի կապակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ հունիսի 16-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական N 2 տան հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) կմեկնարկի հոբելյանական միջոցառումների շարքը:
2022 թ. հունիսի 17-ից նշված հասցեում երկու ամիս տևողությամբ կգործի բացառիկ ցուցահանդես, որին ընթացքում կներկայացվեն 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանքներ, կցուցադրվեն թանգարանի ստեղծման պատմությանն ու գործունեությանը, հեղինակներին նվիրված տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմեր: Ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն տարաբնույթ մշակութային միջոցառումներ և ծրագրեր:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00: