ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառման շրջանակներում Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, որին ավագանու անդամների փոխարեն մասնակցում են Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնության հեղինակը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն է:
Մինչ նիստի օրակարգին անցնելը , քաղաքապետը շնորհավորեց մասնակիցների Հունիսի 1-ի առիթով և ուրախությամբ փաստեց, որ քաղաքապետարանում մեկնարկած նիստի օրակարգը ձևավորել են հենց աշակերտները: «Կփորձենք հասկանալ ինչ խնդիրներ կան Երևան քաղաքում, և ինչպես կարող ենք դրանք լուծել»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ նման միջոցառում իրականացվել էր նաև նախորդ տարի, որի ընթացքում աշակերտների կողմից 96 զեկույց էր ներկայացվել, որոնցից երկուսը կյանքի էին կոչվել:
«Կարծում եմ, որ սա ավանդույթ կդառնա, և ամեն տարի մենք կիրականացնենք այն: Կարևոր է, որ երեխաների ձայնը լսելի լինի և նրանք Երևանի խնդիրների լուծման շրջանակներում իրենց կարծիքը, տեսլականը հայտնեն, թե ինչպես են պատկերացնում իրենց երազանքների մայրաքաղաքը»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետարանում մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց: