«Երևանյան բեսթսելեր». «Թավշյա ճագարը…»՝ առաջատար. մանկական, ապրիլ, 2022
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը, կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» գիրքը։ Երբ երեխան սիրում է քեզ... ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ, դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ Թավշյա Ճագարը երազում է լինել իսկական, ինչպես իր ծեր և իմաստուն ընկերը՝ Կաշվե ձին։ Բայց ԻՍԿԱԿԱՆ լինելն այն չէ, թե ինչպես ես պատրաստված։ Դա այն է, ինչ կատարվում է քեզ հետ։ Փոքրիկ տղայի սիրո շնորհիվ թավշյա Ճագարի երազանքները հրաշքով կարող են իրականանալ... Մարջերի Ուիլյամսի մանկական դասական այս վիպակի նկարազարդ ամբողջական հրատարակությունը, որ առաջին անգամ լույս է տեսել 1922 թ., կգրավի ցանկացածի սիրտը, ով հավատում է սիրո ուժին։
Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
«Շունն ու կատուն» գիրքը երրորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Հ. Թումանյանի այս հեքիաթը սիրված է շատերից:
Չորրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ այլ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև այլ ժողովուրդների բանահյուսություններում:
Կորնեյ Չուկովսկու «Այբոլիտը» հինգերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, որը թռչում է Աֆրիկա՝ հիվանդ կենդանիներին գոգոլ-մոգոլով բուժելու, և որին սիրում են գրեթե բոլոր երեխաները: Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է նաև «Բարմալեյ» և մի շարք այլ հեքիաթներում:
Վեցերորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի՜-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ, օրինակ՝ ինչու է փայտփորիկը տկտկացնում ծառի բնին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը յոթերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
Ութերորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Իններորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:
Տասներորդ հորիզոնականում է «Տիեզերական թռիչքը» գիրքը։ Այն պարունակում է մանկական բանաստեղծություններ, որոնք պատմում են տիեզերքի, տիեզերագնացության, երկնային մարմինների և գալակտիկայի մասին։
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր |
Մարջերի Ուիլյամս «Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» |
Զանգակ | 70 | |
2 | +1 | «Շաղգամը» | Բուկինիստ | 48 | |
3 | +6 | «Շունն ու կատուն» | Բուկինիստ | 46 | |
4 | -2 | «Բոքոնիկը» | Բուկինիստ | 43 | |
5 | * |
Կորնեյ Չուկովսկի «Այբոլիտը» |
Բուկինիստ | 39 | |
6 | -2 | «Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 38 | |
7 | +1 |
Հովհաննես Թումանյան «Փիսիկի գանգատը» |
Բուկինիստ | 37 | |
8 | * | «Հայկական հեքիաթներ» | GSM | 34 | |
9 | * |
Շառլ Պերո «Կարմիր գլխարկը» |
GSM | 32 | |
10 | նոր | «Տիեզերական թռիչքը» | Բուկինիստ | 31 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Ֆենիքս» (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում