Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Վարչապետը հայտնեց, թե ընդդիմության աչքերին նայելով ինչ բացահայտում էր ուզում անել

Վարչապետը հայտնեց, թե ընդդիմության աչքերին նայելով ինչ բացահայտում էր ուզում 
անել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ընդդիմության աչքերին նայելով ինչ բացահայտում էր ուզում անել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվեց, թե Կառավարության անդամների հետ նախորդ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ էր ցանկանում բացահայտել՝ նայելով ընդդիմադիր քաղաքական գործիչների աչքերին։ Վարչապետը նշեց, որ ճիշտ կլիներ, որ ընդդիմության ներկայությամբ այդ հարցին պատասխաներ, բայց հիմա էլ դա չի խանգարում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ շրջանակների ամենակարևոր և առաջնային խնդիրը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրենց թողած բանակցային ժառանգության հետ կապված ճշմարտությունը բացահայտելուն խոչընդոտելն է։

«Այն, ինչ պետք է ասեմ, ես երկար ժամանակ ձեռնպահ էի մնում ասելուց, չնայած կտոր-կտոր ժամանակին ասել եմ։ Տեսեք՝ այսօր շատ են խոսում այն մասին, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ հայկական կողմը պետք է հենվեր և հենվի 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կողմից անկախություն հռչակելու փաստի և 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և ինքնավար մարզը հռչակել է անկախությունը։ Եվ հայկական նարատիվը միշտ եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և սահմանված կարգով ու հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից։

Հիմա առաջանանք 2007 թվական, երբ Հայաստանի Հանրապետությունը որպես կարգավորման բանակցային հիմք ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հայկական կողմը, այդ հենքը ընդունելով, ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն։ Եվ ես սրա մասին օգոստոսին այլ կոնտեքստում ասել եմ Արմեն Ռուստամյանին («Հայաստան» խմբակցության պատգամավոր – խմբ)։

Հաջորդը՝ երբ որ հայկական կողմը ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա մենք բոլորս նստել ենք և նստած ենք եղել, որովհետև եթե, ինչպես մենք արդարացիորեն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բայց ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը։ Դա քիչ չի, մի հատ էլ ասում ենք, որ իր հետ համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա։ Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով Հայաստանի այդ կառավարությունը, որի ներկայացուցիչներն են քաղաքում այսօր խցանումներ առաջացնում, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում։

Հաջորդը՝ արձանագրելով, որ այդ ապագայի հանրաքվեին պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիները, ևս մեկ հարված է հասցրել 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությանը, ընդունելով, որ այն ժամանակ ապրող ադրբեջանցիները չեն մասնակցել այդ հանրաքվեի։ Դա լեգիտիմության խնդիր է առաջացնում»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ամենամեծ սենսացիոն փաստը, սակայն, այն է, որ Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է։

«Ինչո՞ւ են այս ամենն արել մարդիկ, հետո էլ ասում են, որ առաջնորդվել են նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ ես այս ամբիոնից ասեցի, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելու պահին, դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, որովհետև մեր նարատիվը, որը մեզ անընդհատ ասվել է, որ Ղարաբաղը չի եղել երբեք անկախ Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ ենք ապագա կարգավիճակի հարցը և պարամետրերը քննարկում Ադրբեջանի հետ։ Սա է ամբողջ ճշմարտությունը։

Եթե դուք հիշում եք, երբ ես վարչապետ էի, անընդհատ հարց է հնչել՝ դուք Մադրիդյան սկզբունքներն ընդունու՞մ եք որպես բանակցությունների հենք։ Ես ասել եմ, որ մենք նախ խնդիր ունենք հասկանալու։ Եվ ես մի ուրիշ առիթով այս ամբիոնից պատմել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հարցրել եմ, որ՝ հարգելիներս ես նոր մարդ եմ, այս սկզբունքների շրջանակում, կարո՞ղ է արդյոք Լեռնային Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում, իրենք էլ կարճ դադարից հետո պատասխանել են՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի՝ սրանով ապացուցելով մադրիդյան սկզբունքների մեր ընկալումը, որ դրանով Ադրբեջանին վետո է տրվել Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցում»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև պարզաբանեց 2016 թվականին մի շատ մեծ աղմուկ հանած մի դրվագ,երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում  հայտարարել է, որ  կուլիսներում ճնշում են, որ ինքը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, բայց ինքը դա երբեք չի անի։ 

«Դա Հայաստանում մեծ ֆուրոր առաջացրեց։ Պաշտոնական քարոզչությունը դա ներկայացրեց որպես մեծ հաղթանակ։ Ոչ մեկը չի ասում, թե ինչու՞ են Ադրբեջանի հետ այս խոսակցությունը վարում։ Ի՞նչ է նշանակում այդ դրվագը, որ մեր ուզած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը կախված է Ադրբեջանից և դա կախվածության մեջ է դրել Ադրբեջանի դիրքորոշումից։ Բա ինչո՞ւ միջազգային հանրությունը չէր ասում, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս է ամբողջ ճշմարտությունը»,- եզրափակեց Փաշինյանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]