Լիտվայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Այնուհետև Լիտվայի նախագահը շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Գիտանաս Նաուսեդան գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հարգանքի տուրք մատուցեցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դա մարդկության պատմության մութ պահ է, որը երբեք չպետք է մոռացվի: Հիշատակը հավերժ է »,- գրել է Լիտվայի նախագահը:
Լիտվայի Ասամբլեան 2005 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում:
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: