1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին կմասնակցի շուրջ 3 500 աշակերտ 450 դպրոցից

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին կմասնակցի շուրջ 
3 500 աշակերտ 450 դպրոցից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի գործիչների կյանքի ու գործունեության ճանաչելիությունը բարձրացնելու, աշակերտներին արվեստին առավել մոտեցնելու, նրանց գիտելիքները հարստացնելու և մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի հետ, իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ փորձում են հանրակրթությունը փոխկապակցել արտադպրոցական կրթության հետ, որովհետև դպրոցը չի կարող իր առջև դրած խնդիրը լուծել միայնակ:

«Հանրակրթության պետական չափորոշիչով առաջնորդվելով՝ ձգտում ենք անել հնարավորը, որ դպրոցն ավարտելով՝ աշակերտները լինեն ակտիվ, նախաձեռնող, ստեղծարար քաղաքացիներ: Չենք կարող  այդ արդյունքին հասնել, եթե կրթության մեջ չկա պարտադիր  բաղադրիչ, որն արվեստի կրթությունն է, եթե չկա պարբերական կապ արվեստի տարբեր ճյուղերի հետ, եթե հնարավորություն չենք ընձեռում աշակերտներին զարգացնելու իրենց նախասիրությունները: Այս ծրագիրը, որն իրականացնում ենք 3-րդ տարին, թույլ է տալիս արձագանքել ամենաբազմազան խնդիրներին և դրանց հասցեագրմանը»,- շեշտեց փոխնախարարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հիշեցրեց՝ հաճախ ենք խոսում անընդունելի բարքերի, մարդկային հարաբերությունների մեջ համապատասխան մշակույթի, պետականության, հայրենասիրության և այլ կարևոր արժեքների բացակայության մասին: Ըստ Խզմալյանի՝ չի կարելի բարձրագույն արժեքների մասին խոսել՝ առանց մշակութային հենքի: «Առանց կիրթ, մշակված լինելու այդ ամենին անդրադառնալը նշանակում է զբաղվել դատարկաբանությամբ: Այս նախագծերով փորձում ենք ձևավորել վաղվա քաղաքացուն, նրա վերաբերմունքը, մտածողությունը, աշխարհայացքը»,- ընդգծեց Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում Երևանի և տարբեր մարզերի աշակերտները կհանդիպեն և՛ հասուն, և՛ երիտասարդ սերնդի այնպիսի արվեստագետների, որոնք իրենց անցած ճանապարհով, իրենց գործունեությամբ այդ հաջողության ու արժեքների հաստատողն են:

«Երբ խոսում ենք այն մասին, որ պատանի սերնդի մեջ արժեքաբանական խախտում կա, մոռանում ենք, որ այդտեղ պետք է ավագներին մեղադրել: Ինչո՞վ ենք մենք լցնում պատանու, երիտասարդի տեղեկատվական դաշտը: Բնությունը դատարկություն չի սիրում: Եթե մենք այնտեղ դրական բովանդակություն չենք ձևավորում, կասկածելի արժեքներ են ձևավորվում: Նմանատիպ ծրագրերով մշակութային կրթության, ժամանցի, գիտելիքի խնդիրներն ենք կարգավորում, լուծում ենք մեր արվեստագետների ճանաչելիության և հանրային վարկանիշի հարցը»,- ասաց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ նախարարությունը հաջողությամբ իրականացնում է  նաև «ԴասԱ», «Դասարան պլյուս դասական», «Զարդագիր» կրթամշակութային ծրագրերը, իսկ առաջիկայում կիրագործի «Դասարվեստ» նախագիծը, որի շրջանակում Ազգային պատկերասրահի որևէ կտավ պետք է դուրս գա այնտեղից, մուտք գործի դպրոց, և դպրոցում այդ արժեքի շուրջ կազմակերպվեն քննարկումներ, դասախոսություններ:

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը նշեց, որ ծրագիրն արդեն մեկնարկել է, և ձևաչափը  հաջող է, քանի որ մասնակից աշակերտները ոգևորված են եղել:

«Շուրջ 50 արվեստագետ կմասնակցի հանդիպում-քննարկումներին, որոնք աշակերտների համար կբացահայտեն կերպարվեստի, երգարվեստի, պարի, թատրոնի, գրականության և արվեստի այլ ճյուղերի գաղտնիքները: Հույս ունենք, որ ծրագիրը շարունակական բնույթ կունենա, և արվեստագետների շարքը կհամալրվի: Նախաձեռնությանը կմասնակցի շուրջ 3 500 դպրոցական՝ 450 դպրոցից, Երևանից և ՀՀ մարզերից։ Հանդիպումները կանցկացվեն մշակութային հաստատություններում ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի բեմադրությունը, համերգային կատարումը, մասնակցություն կունենան արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը»,-հայտնեց նա ու հավելեց՝ բոլոր հանդիպումները կնկարահանվեն, կպատրաստվեն հեռուստահաղորդումներ, որոնք կընդգրկեն նաև տվյալ արվեստագետի մասին պատմող ճանաչողական տեսահոլովակ:

Ասուլիսին ելույթ ունեցան նաև «Մեկնարկ» տաղանդի զարգացման  նպատակային ծրագրի անդամներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահարներ Արթուր Գրիգորյանը և Արմեն  Պուչինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]