Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը`  նշելով, որ սա լիովին նոր քրեակատարողական օրենսգիրք է:

«Վերջին անգամ այսպիսի նախագիծ ընդունվել է 2004 թվականին, այսինքն՝ գործող օրենքն ունի մոտավորապես 20 տարվա հնություն, ինչի պատճառով կարիք ունի արդիականացման։ Կան դեռևս խորհրդային տարիներից մնացած կարգավորումներ, որոնք այս օրենսգրքով փոփոխվում են»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ փոփոխություններից մեկն այն է, որ վերակարգվում են ուղղիչ հիմնարկների տեսակները։ Դրանք նախկինում հետևյալն էին՝ բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական արհեստական բաժանումներով, իսկ հիմա տեսակավորվելու են անվտանգության երեք աստիճաններով՝ ցածր, միջին և բարձր։

«Բաշխումն իրականացվելու է կատարած հանցանքին համապատասխան ռիսկայնության աստիճանով։ Աստիճանը հետագայում կարող է փոխվել՝ վարքագծի հետ կապված, ինչը դաստիարակչական նշանակություն ունի դատապարտյալի համար»,- հավելեց նախարարը:

Անդրեասյանը նշեց, որ մեկ այլ կարևոր փոփոխություն է բուժական ուղղիչ հիմնարկը որպես առանձին տեսակ չպահպանելը:

« Մենք հիմա ունենք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ ,ճիշտ է,  շենքային պայմանները բոլորին լավը չեն, բայց շատերը ձգտում են այնտեղ հայտնվել, որովհետև այդ հիմնարկը ունի մի պահման ռեժիմ՝ ազատ ռեժիմ: Այն ազատազրկվածները, որոնք ուզում են փոքր-ինչ ազատ վիճակում հայտնվել, նույնիսկ անմխիթար շենքային պայմաններում ձգտում են այնտեղ և դա առաջացնում է որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Նոր օրենսգրքով՝ բերվում է մի տրամաբանության, որ բուժական հիմնարկն էլ հարմարեցված է վերը նշված երեք ռիսկայնության գոտիներին»,- ասաց նախարարը:

Անդրեասյանի խոսքով՝ մեկ այլ կարևոր գործիքակազմ է ինքնավնասումների արդյունավետ կանխարգելումը։

«Մենք պիլոտային ծրագիր իրականացրեցինք, որպեսզի կարողանանք ստուգել, թե արդյոք այս նոր համակարգը արդյունավետ է: Մենք տեսանք, որ այն արդյունավետ է:  Հիմա նոր օրենսգրքով փորձում ենք ներդնել այս համակարգը, որ երբ ազատազրկվածը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, նա ենթարկվում է նախնական գնահատման: Նոր գործիքակազմ ենք ներդնում, որպեսզի կանխարգելենք ինքնավնասումները և ինքնասպանությունները»,- եզրափակեց Անդրեասյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]