Հասարակական

Երևանում կրակոցներ են հնչել. հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

Երևանում կրակոցներ են հնչել. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, նշելով, որ 2022թ. մայիսի 11-ին ժամը 17:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Արտաշատի խճուղում ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենից կրակոցներ է արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչ է։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում