Հասարակական

Մինչև տարեվերջ Երևանում 50 խաչմերուկ կկարգավորվի խելացի լուսացույցներով

3 րոպեի ընթերցում

Մինչև տարեվերջ Երևանում 50 խաչմերուկ կկարգավորվի խելացի լուսացույցներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մինչև տարեվերջ մոտ 50 խաչմերուկում կտեղադրվեն խելացի լուսացույցներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրեց` սկզբում նախատեսված էր այս տարի 13 խաչմերուկում տեղադրել, սակայն դրանց թիվն ավելացվեց:

«Մենք արդեն անցում ենք կատարում խելացի խաչմերուկներին: Մեր նպատակն է ապահովել, որ խաչմերուկները կարգավորվեն նոր լուծումներով լուսացույցներով: Այսօր աշխատանքներ ենք տանում խելացի լուսացույցների ձեռքբերման ուղղությամբ: Ասեմ, որ աշխատանքներ իրականացնելիս ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Խաչմերուկների մուտքերի և ելքերի հատվածներում տեղադրվելու են դետեկտորներ, որոնք հաշվելու են տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Ըստ երթևեկության շարժի տարբերության՝ ավտոմատ կերպով կանաչ լույսի տևողությունը հաշվարկվելու է: Այսօր այդ հաշվարկը մարդկային գործոնով է պայմանավորված, արվում է բանաձևերի շնորհիվ, սահմանվում է ռեժիմ, ըստ որոնց էլ լուսացույցներն աշխատում են:

«Դա ճիշտ չէ: Ավտոմեքենաների հոսքերը մեզ մոտ շատ խիստ տարբերվում են: Օրինակ երկուշաբթի առավոտյան 08:30 այլ է, երեքշաբթի՝ այլ: Հետևաբար, կարևոր լուծում կլինեն նոր լուսացույցները: Այսօրվա դրությամբ ունենք 250-ից ավելի լուսացուցային կարգավորվող խաչմերուկ, որից 200-ում խելացի լուսացույցներով կարգավորելու անհրաժեշտություն կա»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Առաջին փուլում 50 խաչմերուկում նախատեսված փոփոխությունները նախատեսված են կատարել ամենաուշը մինչև նոյեմբեր ամիսներ:

Անդրադառնալով գծանշումների աշխատանքներին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ այս տարվա տեղումնառատ եղանակային պայմանները փոքր-ինչ հետաձգել են աշխատանքները: Դրանից բացի, ներկերի տեխնիկական բնութագրում կատարել են փոփոխություններ, պահանջներն առավել խստացրել են:

«Այս տարի եղանակային պայմանները բարենպաստ չէին, մարտին առատ ձյուն եկավ, մինչև հիմա պարբերաբար առատ տեղումներ են, իսկ գծանշումները հատուկ պայմաններ են պահանջում: Այսինքն՝ անհրաժեշտ է ասֆալտի համապատասխան ջերմաստիճան, որի ժամանակ թույլատրվում է կատարել այդ գծանշումները: Սառը, խոնավ ասֆալտին գծանշումներ չեն անում: Հենց անձրևները դադարեցին, արագ կսկսենք գծանշումները»,-ասաց Հայկ Սարգսյանը՝ ընդգծելով, որ սերտորեն աշխատում են ոստիկանության հետ:

Աննա Գզիրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում