Հասարակական

Երևան Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

Երևան Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Նախնական տվյալներով, հիշյալ մասնաշենքի դիմաց քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ փողոցը փակել են աղբամաններով, որի հետևանքով խոչընդոտվել է երթևեկությունը: Բացի այդ, վերջիններս բարձրաձայն վիճաբանել են, քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ նրանցից մեկը ոտքով հարվածել է փողոցով ընթացող ավտոմեքենային»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և վերջիններիս արարքին գնահատական տալու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում