Տնտեսություն

Ապարանում և Արթիկում կառուցվել են արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ

6 րոպեի ընթերցում

Ապարանում և Արթիկում կառուցվել են արևային  ֆոտովոլտային էլեկտրակայաններ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արթիկ համայնքում կայացած «ԵՄ կայուն էներգետիկայի օրերով» ապրիլի 30-ին ամփոփվել է «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի քառամյա ծրագիրը, որի շրջանակներում, հանրապետության երկու համայնքներում՝ Ապարանում և Արթիկում, կառուցվել են արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական միության «Քաղաքապետների դաշնագրի նախագծերի» դրամաշնորհային այդ ծրագիրը իրականացվել է «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» և «Համայնքների միություն» հասարակական կազմակերպությունների կողմից։

Միջոցառումների մեկնարկը Կայուն էներգիայի տեխնոլոգիաների Էքսպո- ցուցահանդեսն էր, որի նպատակն էր Արթիկի և հարակից համայնքների սպառողներին ներկայացնել արևային էներգիայի ոլորտում հաջողված փորձը, տեղեկացնել ու ցուցադրել Հայաստանում հասանելի ժամանակակից կայուն էներգիայի տեխնոլոգիաները:

Ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի արևային էներգետիկայի շուկայի տասներկու ընկերություններ, որոնք ներկայացրել են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի տարբեր տեխնոլոգիական լուծումներ, արտադրանք և ծառայություններ:

«ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի իրականացման արդյունքում Ապարանի համայնքապետարանի ու մշակույթի տան հարակից տարածքներում կառուցվել են՝ համապատասխանաբար 22 և 11 կՎտ հզորությամբ երկու ինքնավար արևային ֆոտովոլտային կայաններ, որոնք աշխատում են Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և ապահովում են էլեկտրաէներգիայի և դրամական միջոցների զգալի խնայողություն համայնքի համար։ Այդ կայանները տարեկան կարտադրեն մոտ 45ՄՎտ․Ժ էլեկտրաէներգիա, ինչ հնարավորություն է կտա համայնքին տնտեսել տարեկան 1,5 մլն դրամ։ Դրանից բացի, տարեկան 23 տոննայով կկրճատվեն CO₂ արտանետումները։ Ապարանի կայանները կառուցել է կառուցել է «Ֆրիներջի» ընկերությունը։

Արթիկում կառուցված 600 կՎտ պիկային դրվածքային հզորությամբ արևային կայանը՝ առաջին համայնքային, համակարգային լիցենզավորված կայանն է Հայաստանում, որը տարեկան կարտադրի 1334 ՄՎտ․ժ էլեկտրաէներգիա, ինչը հնարավորություն կտա համայնքին Հայկական էլեկտրական ցանցերին տարեկան վաճառել ավելի քան 30 միլիոն դրամի էլեկտրաէներգիա։ Ծրագրի արդյունքում Արթիկում CO₂ արտանետումները տարեկան կկրճատվեն 570 տոննայով։ Արթիկի կայանը կառուցել է «Էկովիլ» ընկերությունը, շահագործելու է «Արթիկ արևային կայան» ՀՈԱԿ-ը։ Ծրագիրն ունի կարևոր առանձնահատկություն․ խնայողություններն ու եկամուտները կկուտակվեն Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող «ԿՈՄՈ» շրջանառու հիմնադրամում և կներդրվեն բացառապես տվյալ համայնքների վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին նշել է, որ «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակներում ԵՄ-ն օգնում է Հայաստանի տեղական իշխանություններին իրականություն դարձնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատման իրենց հավակնությունները: Ապարանում համայնքային երկու շենքերի հարևանությամբ տեղադրված ցանցի հետ զուգահեռ փոխհաշվարկի ռեժիմում աշխատող 33 կՎտ գումարային հզորությամբ արևային ինքնավար կայանները և Արթիկի 600 կՎտ պիկային հզորությամբ լիցենզավորված արևային էլեկտրակայանը ցուցադրում են ԵՄ-Հայաստան համատեղ տեսլականը՝ քաղաքներն ածխաթթու գազից մաքրազերծելու և դիմակայուն դարձնելու համար, որտեղ քաղաքացիներին հասանելի կլինի անվտանգ, կայուն և մատչելի էներգիա:

Քաղաքապետերի դաշնագրի-Արևելք ծրագրի ազգային համակարգող Արտեմ Խարազյանը նշել է, որ Արթիկում և Ապարանում իրականացված ԵՄ Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական ներդրումները, Երևանի, Սպիտակի և Վայքի հետ համատեղ հայկական բոլոր համայնքների համար ուսանելի օրինակ են հանդիսանում՝ ստեղծելով կրկնօրինակելի լուծումներ Համայնքային կայուն էներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանի խոսքով ծրագիրը կարևոր է նաև այն առումով, որ Հայաստանը էներգետիկ անվտանգության տեսանկյունից այլընտրանք չունի՝ վերականգնվող էներգետիկայից բացի։ Հայաստանի բոլոր համայնքներում միշտ պակասում են ֆինանսական միջոցները, իսկ այս և նմանատիպ նախաձեռնությունները կանաչ, մաքուր, հուսալի, արևային էներգետիկան, մեր անսպառ, տեղական էներգետիկ ռեսուրսը ծառայեցնում են համայնքային բյուջեի առողջացմանը, կանաչ տնտեսությունների զարգացմանը։

Նշվում է, որ Ապարանում և Արթիկում հաջողությամբ իրականացված այս ծրագիրը լավագույն օրինակ է մյուս համայնքներում ևս արևային համակարգերում ներդրումներ կատարելու համար, քանի որ արևային էներգիան ոչ միայն նպաստում է երկրի էներգետիկ անվտանգությանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարին, այլև ֆինանսական միջոցներ է ստեղծում համայնքի տնտեսական առողջացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում