Հասարակական

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտներին

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտներին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը: Տոնին միացած Երևանը ևս քաղաքի բնակիչներին ու հյուրերին ջազառատ օր է նվիրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում կազմակերպված ջազային ֆլեշմոբին բազմաթիվ ուղևորների հետ միասին հետևել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթներով հանդես են եկել ջազային հայտնի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանն ու Ֆրանսիայից ժամանած Անդրե Մանուկյանը:

Ջազի հայ վարպետներն ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտները հյուրընկալվել են նաև քաղաքապետարանում: Շնորհավորելով Ջազի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի ու միջազգային այս օրը յուրօրինակ տոնի վերածելու համար:

Հանրապետության հրապարակի շատրվանների երգացանկը ևս օրվա խորհրդին համահունչ էր: Համաշխարհային ջազը հայկական երանգով վայելելու հնարավորություն էր տրված նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում: Բացօթյա համերգը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Ջազի հայկական ասոցիացիա»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում