Պաշտոնական

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, հանձնաժողովն աջակցելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եվրոպական երաժշտական միջոցառման կազմակերպման հարցում:

2021 թվականի վերջին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ստացել կազմակերպելու«Մանկական Եվրատեսիլ-2022»-ը:

Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու խնդիրը: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է յուրաքանչյուր գերատեսչությունից ակնկալվող աջակցության ծրագիրը:

Քանի որ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը տեղի է ունենալու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ինչպես նաև այս վայրում են անցկացվելու մի շարք կարևոր այլ միջոցառումներ, համալիրում ներկայում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, ինչը նույնպես դարձել է քննարկման առարկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում