Քաղաքականություն

Արցախը ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չի տեսնում. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Արցախը ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չի տեսնում. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախահայությունը ընդունում է խաղաղության օրակարգը, մյուս կողմից ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չի տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձևավորված այն տեսակետի համար, որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ և լինելու է ժողովրդի տրամաբանությունից բխող: Իհարկե, ցանկանում եմ ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ: Մենք երկար քաղաքական պայքար ունենք տանելու: Անվտանգային բաղադրիչը այսօր ամենակարևորն է»,-ասաց նախագահը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների անմիջական միջնորդությամբ ստեղծված կայունությունը այսօր հնարավորություն է տալիս քննարկել սոցիալ-տնտեսական ծրագրերը:

Հարությունյանի խոսքով՝ սոցիալ-տնտեսական ծրագրերը կարևոր են, քանի որ, եթե Արցախում մարդ չլինի, անիմաստ է դառնում քաղաքական պայքարը և անվտանգության մասին խոսելը: «Դրա համար ժողովրդագրությունը և սոցիալ-տնտեսական ծրագրերն այսօր նորից ակտուալ են դառնում: Այն ծրագրերը, որոնք սկսվել են պատերազմից հետո, շարունակվում են»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհանգստացնող համարեց ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը: «Հույս ենք հայտնում, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց»,-ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում