Ջազ պետք է ժողովրդի համար նվագել. Գարի Քյոսայանը ծննդյան հոբելյանն ու Ջազի միջազգային օրը կտոնի խոշոր համերգային ծրագրով
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ապրիլի 27-ին նշում է ծննդյան 75-ամյակը: Երաժիշտը, որը տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ է ունեցել՝ ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն, «Գարի Քյոսայան ջազ կվարտետը», գրելով հարյուրից ավելի ջազային ստեղծագործություններ և երգեր, կատարելով գործիքավորումներ, ձայնագրելով ալբոմներ,կարծում է՝ իր կյանքի բոլոր փուլերն են հետաքրքիր ու բուռն եղել: Քյոսայանը, որը բեղուն գործունեություն է ծավալում նաև այսօր, ջազը մտքի թռիչք է համարում ու հավաստիացնում՝ այն պետք է դյուրին և ընկալելի լինի երաժշտասերների լայն շրջանակի համար:
«Արմենպրես»-ի թղթակիցը կոմպոզիտորի ծննդյան և Ջազի միջազգային օրվա առթիվ Քյոսայանի հետ զրուցել է հեղինակի՝ ջազի հետ առաջին հանդիպման, նվաճումների, երազանքի մասին:
Քյոսայանն առաջին դասարանից սովորել է երաժշտական դպրոցում, սակայն ջազ երաժշտություն լսել է հարևանի շնորհիվ: «Մի օր մեր հարևանի տանից ջազային ստեղծագործություն լսեցի: Զարմացա գեղեցկության, ազատության, մտքի թռիչքի վրա: Այդ երաժշտությունն ինձ շատ գրավեց: Հիշում եմ՝ Քենի Բոլ Էդերլիի ստեղծագործություններից էր, իսկ հետո հնարավորություն ունեցա ունկնդրելու Օսկար Փիթերսոնին, Դյուկ Էլինգտոնին, Ջիմմի Սմիթին, որոնք դարձան իմ ուսուցիչները: Հեռվից լսելով նրանց երաժշտությունը՝ աշխատում էի դաշնամուրով կրկնօրինակել նրանց ստեղծագործությունները, ինչն ինձ ապագայում շատ օգնեց»,-պատմում է Քյոսայանը:
Երբ 1988 թվականին կոմպոզիտորը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, երգեհոնահար Ջիմմի Սմիթին հանդիպելու հնարավորություն է ունենում: «Ասացի. «Բարև Ձեզ, ուսուցիչ»: Զարմացած նայեց ինձ, ես էլ պարզաբանեցի՝ Հայաստանում նրա երաժշտությամբ եմ սովորել ջազ նվագել: Նա հարցրեց, թե որտեղ է Հայաստանը, պատասխանեցի, որ Ռուսաստանի հարավում: Սմիթի հետ ելույթ ունենալու առիթ չի եղել: Երգեհոնն ու դաշնամուրը ջազում հազվադեպ են համադրվում: Հիմնականում երգեհոն են նվագում կիթառահարների, սաքսոֆոնահարների հետ»,-շեշտում է նա:
Քյոսայանը խոստովանում է՝ ԱՄՆ մեկնելիս կատարվել է իր երազանքներից մեկը: Կոմպոզիտորը շատ է ցանկացել, որ իր ստեղծագործությունները կատարեն ամերիկյան ջազ աստղերից մի քանիսը: 1995 թվականին առաջին անգամ Գարի Քյոսայանը համերգային ծրագրով հանդես է եկել եկեղեցում, ինչն ԱՄՆ-ում ընդունված է: Համերգի ծրագիրը բաղկացած է եղել միայն նրա գործերից: Համերգը դրական արձագանքի է արժանացել տեղի երաժիշտների ու երաժշտական քննադատների կողմից. թերթերում հետաքրքիր հոդվածներ են հրապարակվել երեկոյի մասին:
«Համադրել էինք դասական ու ջազ երգեհոնները: Այդ հաջողությունից հետո մեկ շաբաթում կոնցերտ գրեցի ջազ և դասական երգեհոնների համար: Այն մեծ հաջողություն ունեցավ: Դասական երգեհոնը նվագում էր ճանաչված երգեհոնահար Լևոն Աբրահամյանը: Կոնցերտի երկու մասը ջազ քառյակի համար է, իսկ երրորդ մասում երկու երգեհոններն են երկխոսում: Լոս Անջելեսի թերթերից մեկը գրել էր. «Քյոսայանի երգեհոնի կոնցերտը բարձրացավ դրախտ»,-հիշում է կոմպոզիտորը:
Ըստ նրա՝ իր կյանքի բոլոր շրջաններն են բուռն եղել, բայց յուրահատուկ են 1970-ական թվականները, երբ հիմնադրել է ջազ տրիոն, հետո ղեկավարել ջազ ակումբը, որտեղ արտասահմանցիների համար ջազ երեկոներ են կազմակերպվել, իսկ նահանգներում 1990-ական թվականներից ղեկավարել է Փասադենայի ջազ ակումբներից մեկը: «Առաջին ստեղծագործությունը գրել եմ 13 տարեկանում, իսկ վերջինը՝ ամիսներ առաջ: 13 տարեկանում գրված գործը, որը կոչվում է Day of My Dream «Իմ երազանքի օրը», հնչելու է ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը կայանալիք համերգին, որը տեղի կունենա ժամը 20:00-ին»,-տեղեկացնում է ջազմենը:
«Գարի Քյոսայան և ընկերներ» երեկոյին նախատեսվում են պրեմիերաներ հանրահայտ ստանդարտներ Գարի Քյոսայան ջազ քառյակի և հրավիրյալ արտիստներ Մարբիի, Զառա Մարկոսյանի, Սոնա Ումրոյանի, Կարինա Իգնատյանի, Ալլա Սահակյանի, Արտակի (Միստր հարմոնիկա), Արմեն Ավետիսյանի կատարմամբ:
Խոսելով ջազ երաժշտության փոխակերպումների մասին՝ Քյոսայանն ընդգծում է՝ մեր օրերում ջազը չի պրոպագանդվում, ջազմենները նվագում են ջազմենների համար՝ մոռանալով, որ անհրաժեշտ է ժողովրդի համար նվագել, ինչը շատ կարևոր է: Կոմպոզիտորը հիշեցնում է համաշխարհային մեծություններ Էլլա Ֆիցջերալդի, Լուի Արմսթրոնգի և այլոց երաժշտությունն ու շեշտում՝ նրանք ստեղծագործում, երգում էին հանրության լայն շրջանակի համար, իսկ հիմա ջազմենները փորձում են հնարավորինս զարմացնել իրար հորինված գամմաներով, տարօրինակ ստեղծագործություններով, որոնք հաճախ ո՛չ ձև ունեն, ո՛չ մտավոր, ո՛չ հոգևոր որևէ բան, շատ չոր, անհասկանալի երաժշտություն են հնչեցնում, որի անունը դնում են ջազ:
«Կան ջազի տարբեր ուղղություններ, որոնցից են դասական ջազը, էլեգանտ ջազը, հոգևոր ջազը և այլն: Հոգևոր ջազի հիմնադիրներից մեկը Ջոն Քոլթրեյնն էր, որը նվագում էր Մայլս Դևիսի հետ: Նման երաժշտություն լսելով՝ հավասարակշռվում ես, գնում դեպի գեղեցիկն ու հանդարտությունը, ոչ մի լարվածություն չկա, ինչը կարող է նյարդայնացնել հանդիսատեսին, ստիպել անհարմար զգալ»,-հավաստիացնում է ջազմենը:
Քյոսայանը նշում է, որ շատ բանի է հասել և այսօր երազում է խաղաղության մասին, ուզում, որ Հայաստանում մարդիկ գրագետ լինեն, կիրթ, քանի որ տգիտությունը չարիք է: «Ցանկանում եմ՝ չմոռանանք, որ մենք առաջի քրիստոնյա ժողովուրդն ենք»,-եզրափակում է Գարի Քյոսայանը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ կոմպոզիտորի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից