Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայկական և բելառուսական ընկերությունները ավելի քան 20 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել

Հայկական և բելառուսական ընկերությունները ավելի քան 20 մլն դոլարի պայմանագրեր 
են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետությունից գործարարների մեծ խումբ է ժամանել Հայաստան՝ կառավարության հետ հայ-բելառուսական կոոպերատիվ համագործակցության հնարավորությունները քննարկելու եւ հայկական ձեռնարկությունների հետ գործարար կապեր հաստատելու նպատակով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական հարցերի համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանի ակտիվ աջակցությամբ Երեւանում տեղի ունեցած հանդիպումներն արդեն տվել են գործնական արդյունքներ՝ հայկական եւ բելառուսական ընկերությունները ստորագրել են ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցավ թեմային նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Նարեկ Տերյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Անդրեյ Բույնեւիչը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարեւը, ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նիկոլայ Ռոգոժնիկը եւ հայկական ու բելառուսական բիզնես համայնքների ներկայացուցիչները:

Լուսանկարները` Հայկ Բադալյանի

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տեխնիկայի ու սարքավորումների մատակարարման հնարավորությունները, ՀՀ տարածքում սպասարկման կենտրոնների ստեղծման եւ այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:

Ինչպես հանդիպումից հետո «Արմենպրես»-ին հայտնեց ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարեւը՝ բելառուսական ընկերությունները Հայաստանում արդեն ավելի քան 20 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել հայկական ընկերությունների հետ իրենց այցի ընթացքում: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակելու և հնարավոր է՝ այդ թվում ՀՀ տարածքում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու վերաբերյալ:

«Բանակցությունները շարունակվում են, այդ պատճառով ես կարծում եմ, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է եւ դեռ առաջինն է գալիք միջոցառումների շղթայում», - պարզաբանեց ԵԱՏՄ կառույցի պաշտոնյան:

Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Անդրեյ Բույնեւիչը իր հերթին մանրամասնեց, որ նշված գործարքների շրջանակում երեկ՝ ապրիլի 20-ին, բելառուսական «Հորիզոն» մեքենաշինական խոշոր հոլդինգը շրջանակային պայմանագիր է ստորագրել հայկական խոշոր առևտրային ցանցի հետ 2022 թ. կենցաղային տեխնիկա մատակարարելու մասին:

«Գնահատելով նախորդ տարիների և 2022 թ. առաջին եռամսյակի ցուցանիշները՝ երկկողմ ապրանքաշրջանառության շատ լավ դինամիկա ենք տեսնում, այն տարեց տարի աճում է, եւ մենք շատ ենք հետաքրքրված Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքներով, որոնք մատակարարվում են Բելառուսին: Դրանք շատ բարձր որակ ունեն: Անշուշտ, Բելառուսի Հանրապետությունն էլ իր կողմից արդյունաբերական ապրանքներ եւ տարատեսակ տեխնիկա է արտահանում Հայաստան», - հավելեց փոխնախարարը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը իր հերթին հայտնեց, որ նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո բելառուսական խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչները շարունակելու են հանդիպումները հայ գործարարների հետ՝ հայկական մի քանի արդյունաբերական ընկերություններով շրջելու և համագործակցության մասին նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am