Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

Նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին 
պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

« Անչափահասների նկատմամբ ևս կիրառվում է որպես կարգապահական տույժ  պատժախուց տեղափոխելը։ Սակայն Եվրոպական դատարանի պրակտիկան, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտներ և զեկույցները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված եզրակացությունները փաստում են այն, որ այսպիսի կարգապահական տույժերը պետք է լինեն վերջին միջոց։ Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է բացառել անչափահասների նկատմամբ պատժածուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը»,- ասաց Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ սա բնավ չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է առաջանում, որովհետև կան ևս երկու կարգապահական տույժեր, որոնք ըստ անհրաժեշտության անձի նկատմամբ կարող են կիրառվել։

« Խոսքը նկատողություն և խիստ նկատողություն կարգապահական տույժերի մասին է։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե այս կարգապահական տույժերը չեն կարող անհրաժեշտ և բավարար լինել կոնկրետ դեպքի համար, բայց վստահեցնում եմ, որ հատկապես անչափահասների դեպքում ցանկացած կարգապահական պատասխանատվությունը առաջ է բերելու որոշակի հետևանքներ։  Դա կարող է դիտարկվել թե պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի քննարկման շրջանակներում, թե կարճատև մեկնում տրամադրելու ինստիտուտի քննարկման շրջանակներում։ Այսինքն՝ տարբերություն չկա, թե որ կարգապահական տույժը կկիրառվի, անձի համար բացասական հետևանքներ կունենան»,- եզրափակեց Սարգսյանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]