Պոլլի. դեռահաս տղայի և շան մասին պատմող հայկական ֆիլմը շուտով կբարձրանա մեծ էկրան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 5-ից Երևանում մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր գեղարվեստական ֆիլմը՝ «Պոլլի»-ն, որի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում:
Արտյոմ Հարությունյանը ֆիլմի ոչ միայն ռեժիսորն է, այլև՝ սցենարի հեղինակն ու պրոդյուսերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ նման ֆիլմ նկարահանելու միտքը իր և իր որդու մոտ ծագել է 1 տարի առաջ:
««Պոլլի» ֆիլմի հերոսը՝ Նարեկը, ամեն ինչից ավելի երազում է, որ իր ծնողները միավորվեն ու է՛լ երբեք չբաժանվեն։ Տեխնոլոգիաներով հետաքրքրված, խելացի տղան գտնում է մի իսկական շուն՝ ոտքը վիրավոր: Տղան վախից փախչում է: Սակայն երեկոյան Նարեկը նկատում է, որ շունն իրենց տան մոտ է: Նա խղճում է շանը, ոտքը վիրակապում ու մորից թաքուն պահում նկուղում: Այդպես տղան ու շունն ընկերանում են: Սակայն այս ամենից հետո գյուղում սկսում են տարօրինակ դեպքեր կատարվել... »,- չբացահայտելով ֆիլմի ինտրիգները՝ մանրամասնում է ռեժիսորը:
Ըստ Արտյոմ Հարությունյանի՝ սցենարը գրելիս արդեն պատկերացրել է, թե ովքեր են խաղալու ֆիլմում: Ռեժիսորի խոսքով՝ գլխավոր դերակատարին՝ Էդիկ Առաքելյանին, ընտրել է անմիջապես, երբ տեսել է նրան: Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Արամ Կարախանյանը և այլք:
Չնայած ֆիլմը դեռահաս տղայի և նրա շան մասին է, ըստ ռեժիսորի՝ այն նախատեսված է ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար:
«Հայաստանում դեռ նման բան չի նկարահանվել: Հատուկ ժանր էլ չեմ կարող առանձնացնել, այն մի քանի ժանրերի համաձուլում է: Ֆիլմում նաև արծարծել ենք Հայաստանի բնապահպանության ու որսագողության խնդիրները: Քննադատել ենք Հայաստանում իրականացվող որսագողությունը՝ շեշտելով Կարմիր գրքում հայտնված կենդանիների պահպանման կարեւորությունը»,- զրույցը եզրափակեց Արտյոմ Հարությունյանը: