Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վարչապետը խոսեց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման իրագործման ժամկետների մասին

Վարչապետը խոսեց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և 
սահմանագծման իրագործման ժամկետների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չափազանց դժվար է նշել, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման իրագործումը որքան կտևի, սակայն, ըստ գործադիրի ղեկավարի, հաշվի առնելով հարցի հատուկ կարգավիճակը և հրատապությունը, այն պետք է իրագործվի հնարավորինս շուտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Ազգային ժողովում վարչապետն ասաց, որ գործընթացը պետք է սկսվի և հընթացս կերևա, որ դա մեկ-երկու օրվա կամ ամսվա գործ չէ։

«Դա ակնհայտ է, որովհետև կան բազմաթիվ նյուանսներ, որոնք պետք է ճշգրտվեն։ Իհարկե, իմ զեկույցում ասել եմ, որ հասկանում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձևով ռազմական լարվածության իրավիճակը պահել սահմանի երկայնքով՝ դեմարկացիայի գործընթացում Հայաստանի նկատմամբ թաքնված կամ անթաքույց տարածքային պահանջներ ներկայացնելու համար։  Կարծում եմ, որ մեր այս դիրքորոշումը ընկալված է միջազգային հանրության կողմից, և մենք պետք է առաջ գնանք՝  պաշտպանելով մեր երկրի շահերը և սահմանները»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի միջև և Ադրբեջանի և Վրաստանի միջև դեմարկացիան մինչև օրս չի ավարտվել, չնայած սկսվել է 1996-97 թվականներից։

«Կարծում եմ, այս պարագայում, հաշվի առնելով հատուկ կարգավիճակը և հրատապությունը, երկու կողմերի մոտ էլ կա շահագրգռություն, որ հնարավորինս շուտ անենք։ Այսինքն՝ դա չտևի 20 տարի, այլ տևի հնարավորինս կարճ։ Նաև սա է պատճառը, որ մենք գտնում ենք, որ միջազգային փորձագետների ներգրավումը, ովքեր փորձ ունեն արդեն իրենց երկրներում դեմարկացիայի և դելիմիտացիայի, այն իրականացնելու ժամանակ բախվել են բազմաթիվ խնդիրների և հաղթահարել են այդ խնդիրները, կարող են մեզ օգնել, որպեսզի մենք պատրաստի բանաձևեր ունենանք։ Ասեմ, որ կան շատ հետաքրքիր ձեռնարկներ, օրինակ՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի մեթոդոլոգիաների մասին, թե ինչ մեթոդներով կարելի է իրագործել։ Բայց կոնկրետ գնահատական տալ ժամկետների մասով, չափազանց դժվար է։ Դեռ մինչև ապրիլի վերջ հստակ գիտենք, որ հանձնաժողովը ձևավորվի, մնացած հարցերին հանձնաժողովը կպատասխանի»,- եզրափակեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am