Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Հայկական արտադրության հեռակառավարվող մարտական մեքենան կարող է փոխարինել զինվորին հենց մարտի դաշտում

Հայկական արտադրության հեռակառավարվող մարտական մեքենան կարող է 
փոխարինել զինվորին հենց մարտի դաշտում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ինժեներների ստեղծած տեխնիկան կարող է զինվորին փոխարինել հենց մարտական գործողությունների ժամանակ։ «Իսատեք Ռոբոտիքս» ընկերության հիմնադիր Վահան Իսաջանյանի խոսքով՝ սարքը՝ «Սկորպիոնը», մարդու չափերի է և կարող է անել այն, ինչ զինվորը, այսինքն՝ լիարժեք մարտ վարել։

«Ռոբոտ-զինվորը», ինչպես սարքն անվանում են հիմնադիրները, պատրաստ է 2017-ից, բայց դեռ չի ընդունվել փորձարկումների ու հետագա սերիական արտադրության համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության հիմնադիրը նշեց՝ «ցամաքային անօդաչուի» գաղափարը ծագել էր 2000-ականների սկզբին։

Ավարտելով Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետը և վերադառնալով բանակից՝ Իսաջանյանը և իր եղբայրը 2000-ականներին բացել են ինժեներական ընկերություն, որը սկսել էր պատրաստել հեռակառավարվող կոնստրուկցիաներ, հիմնականում` դարպասներ։ Հետագա տարիներին կատարել են նաև ավելի բարդ պատվերներ, օրինակ` ամերիկյան մի ընկերության համար արտադրական ռոբոտներ են նախագծել և հավաքել արհեստական ադամանդներ տաշելու համար։ Գործի շուրջ համախմբել են ծրագրավորողների, ինժեներների և մեխանիկների։ Իսկ հիմա Իսաջանյանը աշխատում է եղբոր և հոր հետ։ 

«Հիշում եմ, որ ծառայությունից վերադարձա, եղբորս հետ որոշեցինք հեռակառավարվող սարք ստեղծել, որը կօգտագործվի բանակում։ 2016-ի պատերազմից հետո հասկացանք, որ պետք է արագացնենք սարքի ստեղծման գործընթացը։ Քառօրյա պատերազմը դարձավ հիմնական դրդապատճառը, և, թողնելով ընտանիքս Բելառուսում, եկա Հայաստան։ 2017 թվականին արդեն ունեինք նախնական նմուշը»,- նշեց նա։

Իսաջանյանը խոսեց մարտական հեռակառավարվող մեքենայի վերջնական մոդելից և բեռնափոխադրող հեռակառավարվող մեքենայից՝ թրթուրավոր ամենագնացից, որը նախատեսված է վտանգավոր հատվածներում բեռներ տեղափոխելու և վիրավորներին առաջնագծից էվակուացնելու համար։ 

Անդրադառնալով մարտական հեռակառավարվող մեքենայի վերջնական մոդելին՝ Իսաջանյանը նշեց, որ այն զինվորին փոխարինում է հենց մարտական գործողությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ հեռակառավարվող ռոբոտ-մեքենան կամ ռոբոտ-զինվորը՝ «Սկորպիոնը», մարդու չափերի է, քաշը 400 կիլոգրամ: Ինչո՞ւ է հենց դա կարևոր․ այն կարող է անել այն ամենը, ինչ կարող է անել զինվորը մարտի դաշտում։ Այն լիարժեք կարող է մարտ վարել։

«Այն հեռակառավարվում է մինչև 10 կիլոմետրի վրա և պահպանում է տեսախցիկի տեսանյութի որակը։ Օպերատորը, կրելով VR ակնոցներ, HD որակի տեսանյութ է տեսնում, որն օգնում է թիրախները հեշտ հայտնաբերել։ Եթե օպերատորը չի նկատում թիրախը, սարքն ինքն է այն նշանառության տակ առնում։ Կարևոր է նաև, թե ինչքան արագ է տեսանյութը հայտնվում մոնիտորի վրա, եթե կա ուշացում,  օնլայն մարտ վարել չես կարող։ Այսինքն՝ եթե տեսանյութը մոնիտորիդ վրա կես վայրկյանից ուշ է հայտնվում, ապա դու չես կարող շարժվող թիրախը խոցել։ Եթե ռոբոտի հետ կորում է կապը, այն ավտոմատ վերադառնում է բազա։ Այն կարող է բավականին երկար ժամանակ անցկացնել առանց լիցքավորման։ Այն կարող է տեղաշարժվել ոչ միայն հարթ տեղանքով, այլ նաև բարձր թեքության լանջերով, ինչը ևս կարևոր է Հայաստանի տեղանքի պայմաններում։ Անգամ կողաշրջվելու դեպքում կարող է կրկին կանգնել և շարունակել ընթացքը»,- շեշտեց Իսաջանյանը։

Սարքը հարմարեցված է այնպես, որ կրակելու դեպքում հետահարում (խմբ. отдача) չի լինում։ 2017 թվականին ստեղծված սարքի վրա դրվում է ԱԿ74 ինքնաձիգ, նոր սարքը՝ նախատեսված է գնդացիրի կամ նռնականետի համար, որոնք սարքի վրա կարելի է տեղադրել միաժամանակ։ Դրանք ղեկավարվում են տարբեր ռեժիմներով՝ կախված նրանից, թե ինչ ռեժիմով ես կիրառում այն»,- շեշտեց Իսաջանյանը։

Նրա խոսքով` կան սարքի ամերիկյան և ռուսական տարբերակները, որոնք իրենց ստեղծածի համեմատ բազմաթիվ թերություններ ունեն։ Նա ընդգծեց՝ ռուսական և ամերիկյան տարբերակներում սարքը հեռակառավարվում է վահանակով, իրենցը՝ վահանակով և VR ակնոցներով։ Օպերատորը դնում է ակնոցները և հայտնվում է մարտի դաշտում։ Հիմնադրի խոսքով՝ մի քանի րոպե հետո նա իրեն մարտի դաշտում կզգա։ Իրենց ստեղծած տարբերակը ինքնաձիգի փամփուշտի հարվածից չի վնասվում։ Եթե ռուսական ու ամերիկյան տարբերակները պաշտպանված են 30-60 տոկոսով, իրենց արտադրանքը 90 տոկոսով է պաշտպանված։ Իսաջանյանը նաև շեշտեց՝ գիշերը սարքը հնարավոր չէ խոցել։ Սարքը նաև ջերմակայուն է, ներկված է հատուկ ջերմակայուն ներկով։ Այն կարող է հաղթահարել նաև մինչև 1 մետր խորության ջրային տարածքները։

«Կան նմուշներ այլ երկրներում, բայց այդ նմուշները պետք է անցնեն ճանապարհ՝ վերջնական տեսք ստանալու համար։ Թերացումները փորձարկումների ժամանակ շտկվում են։ Այդ առումով շատ մեծ աշխատանք ենք կատարել ու թերացումները շտկել ենք 95 տոկոսով։ Նմուշը պատրաստ է  սերիական արտադրության։ Այն հնարավոր է օգտագործել պատերազմներում։ Սարքի դիմացկունությունը բարձր մակարդակի վրա է»,- նշեց Իսաջանյանն ու պատմեց, որ ամերիկյան նախագծերի վրա աշխատելու ընթացքում շատ անգամ համագործակցության առաջարկներ են ստացել. մշտական աշխատանքի առաջարկ ևս ունեցել են։ 

«2017-ին Չինաստանից գործարար եկավ, նշեց, որ շատ հետաքրքրված է մեր արտադրանքով։ Առաջարկեց մեծ ներդրում անել ու արտադրություն սկսել Չինաստանում՝ նշելով, որ կհոգա ֆինանսական բոլոր ծախսերը։ Ասացի չէ, սպասեք, եթե մեր երկիրը չուզի «ռոբոտ-զինվորին», նոր կխոսենք»,- նշեց Իսաջանյանը։

Սարքի հեղինակները շատ անգամներ փորձել են սարքը, ՀՀ պաշտպանության նախարարությանը ներկայացնել են,  բայց մերժվել են։ Շեշտում են՝ եթե այս տարի էլ ոչ մի կերպ չստացվի համոզել ՊՆ-ին սարքը նայել ու  նոր ուղղությունը զարգացնել, արդեն կմտածեն արտասահմանյան առաջարկներին անդրադառնալու մասին։ 

«Սարքի ինքնարժեքը 40-45 հազար դոլար է, եթե մեր ՊՆ-ն առաջարկի սարքերը ինքնարժեքով մեր բանակին տալ, էլի պատրաստ ենք»,- շեշտեց Իսաջանյանը։

Իսաջանյանի խոսքով՝ մեկ ամիս հետո պատրաստվում են կատարել փորձարկումներ՝ հրավիրելով ՊՆ ներկայացուցիչներին։ ՊՆ-ից նախնական համաձայնություն են տվել:

Ընկերության հիմնադիրները պատրաստ են համագործակցել նաև ոստիկանության հետ: 

Կարինե Տերտերյան










youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]