Հասարակական

Երևանի քաղաքային իշխանության պատվիրակությունը Վրաստանում քննարկում է համագործակցության խորացման հարցեր

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքային իշխանության պատվիրակությունը Վրաստանում քննարկում է համագործակցության խորացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Պաշտոնական այցի առաջին օրը երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գեորգի Տկեմալաձեի հետ:

Կարևորելով երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև գործակցության շարունակականությունը՝ Լևոն Հովհաննիսյանն ու Գեորգի Տկեմալաձեն նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հնարավորություն ունի: Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքների խնդիրները միանման են, կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Թբիլիսիի կառավարման կենտրոն՝ տեղում աշխատանքներին ծանոթանալու նպատակով, ինչպես նաև կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք ցանցի մեկնարկային հանդիպմանը, որի շրջանակում Թբիլիսին տիտղոսը կհանձնի Մեքսիկայի Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարային:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012թ.-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակել էր Երևանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում