Հասարակական

Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել

2 րոպեի ընթերցում

Պատվաստումները պետք է անել հենց այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել. նախարարը հորդորում է պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիներին հորդում է չկորցնել զգոնությունը, պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ հիմա, երբ դեպքերը նվազել են, իմունիտետի բավարար շերտ ձևավորելու լավ հնարավորություն է ստեղծվել: Ավանեսյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի՝ պատվաստումների ցածր թվերի վերաբերյալ հարցին ի պատասխան:

«Երբ կորոնավիրուսային վարակի թվերն իջնում են, զգոնությունն իջնում է, ինչը միանշանակ հասկանալի է: Բայց պետք է հասկանանք, որ հենց կանխարգելիչ գործընթացներն այս ժամանակ են շատ արդյունավետ: Պատվաստումները պետք է անցնել այն ժամանակ, երբ հիվանդությունը հետ է քաշվել, և մենք ունենք ժամանակ, հնարավորություն՝ ձևավորելու իմունիտետի բավարար շերտը»,-ասաց Ավանեսյանը:

Պետությունը շարունակում է պատվաստումային գործընթացը, շարունակվում են տնային այցերը, շարժական կետերի գործունեությունը, բոլոր պատվաստանյութերը առկա են: «Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օր առաջ պատվաստվել և պատրաստ լինել հնարավոր հետագա հիվանդացության ալիքներին»,-ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ պատվաստումային տեմպը հիմա ցածր է, սակայն նոր պատվաստանյութեր են ստացվում, որոնց ժամկետը կարող է անցնել՝ նախարարն ասաց, որ կորոնավիրուսի պարագայում ճշգրիտ թվեր կանխատեսել, պլանավորում անել հնարավոր չէ: Բոլոր երկրներում էլ լինում են պատվաստանյութերի չօգտագործված խմբաքանակներ:

«Բայց մենք բոլոր ջանքերը ներդնելու ենք՝ ունենալու պատվաստանյութեր և դրանք հնարավորինս արդյունավետ օգտագործելու»,-նշեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում