Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հուլիսի երկրորդ տասնօրյակում Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը

Հուլիսի երկրորդ տասնօրյակում Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» 
լողի սիրողական մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ըստ այդմ` ՀՀ-ում լող մարզաձևի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2022 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Հայտը ներկայացնող անձը պետք է հանձնի նախնական ստուգարք ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում՝ նրա՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող 18 և բարձր տարիքի անձինք՝ սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ, ովքեր ունեն տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը (պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում:

Քաղաքացիություն չունեցող անձինք մրցումներին կարող են մասնակցել հաշվարկից դուրս:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մասնակիցներին չի թույլատրվում մասնակցել հիդրոհամազգեստով:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով, 4-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները` դրամական մրցանակներով և հավաստագրերով, իսկ դեսպանատների ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները՝ հուշանվերներով և հավաստագրերով:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,

5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

 6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ,

 11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն, ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Արդյունքներն ամփոփվելու են մրցումների ավարտից անմիջապես հետո:

Մրցաշարի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը (հավելված 2-ի հայտը, անձնագրի կամ նույնականացման վկայականի, մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը) պետք է ներկայացնել «ՀՀ լողի ֆեդերացիա» ՀԿ-ին մինչև 2022 թվականի հուլիսի 10-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մովսես Խորենացի փողոց, 1/1 շենք, էլ. հասցե` swimmingarm@mail.ru


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am