Հասարակական

Ոստիկանները Քաջարանում վնասազերծել են դիմակավորված ու զինված անձանց, կան ձերբակալվածներ

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները Քաջարանում վնասազերծել են դիմակավորված ու զինված անձանց, կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը մարտի լույս 30-ի գիշերը ահազանգ է ստացել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։

«Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում դիմակավորված անձինք ինքնաձիգով կրակել են։ Գնդակը, բարեբախտաբար, ոստիկանին չի դիպել։ Բաժանմունքի պետը սկսել է բանակցել։ Տագնապով օգնության են հասել Սյունիքի մարզային վարչության ու տարածքային բաժինների օպերատիվ խմբերը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Բանակցությունները շարունակվել են, ինչի արդյունքում դիմակավորված անձինք դուրս են եկել խանութից, բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Նրանք Քաջարան քաղաքի 28 և 30 տարեկան բնակիչներ են։ Ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել խանութից փախած անձին, որը ևս ձերբակալվել է։ 29-ամյա երիտասարդը նույնպես Քաջարանի բնակիչ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Կալաշնիկով» ինքնաձիգն ու «Ջ-1» նռնակն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում