Հասարակական

Դատախազությունը Առուշ Առուշանյանի գործով որոշումը ստանալուց հետո կհայտնի իր դիրքորոշումը

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը Առուշ Առուշանյանի գործով որոշումը ստանալուց հետո կհայտնի իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ գործի դատարանի որոշումը դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու Առուշ Առուշանյանի գործով դատախազության հաջորդ քայլերը, արդյոք դատախազությունը բողոքարկելու է այդ գործով դատավճիռը:

Գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ դատախազությունը դատարանի որոշումը դեռևս չի ստացել:

«Հիմնավորումներին ծանոթանալուց հետո այդ կապակցությամբ որոշում կկայացվի»,- ասաց Աբրահամյանը:

Ավելի վաղ, Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը Առուշ Առուշանյանին անմեղ ճանաչեց ՀՀ ՔՕ 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 291-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով:

Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավարի պաշտոնից զրկելը հինգ տարի ժամկետով: Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաև ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով: Նա նաև մեղավոր ճանաչվեց ՔՕ 113 հոդվածի 3-րդ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով:

Դատարանը որոշում կայացրեց Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկատարել և սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:

Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց չհեռանալու մասին ստորագրությունը և վերջինս անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում