Հասարակական

Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից

3 րոպեի ընթերցում

Փոխնախարարը մանրամասներ հայտնեց ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատումից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

Նրա խոսքով՝ ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած նոր բնագծերն ուսումնասիրելու, մարտական դիրքերը կահավորելու, զինծառայողներին ժամանակավոր կացարանով և դրանք ջեռուցմամբ ապահովելու, զորմասերի նոր մշտական տեղակայման վայրերի ընտրության, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների հնարավորությունները հստակեցնելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ նոր բնագծերում և մշտական տեղակայման վայրերում:

«Հաշվի առնելով ժամանակի սղությունը և անձնակազմի տեղավորան հրատապությունը՝ որպես արագ լուծում պլանավորվել և ներկա պահին նաև իրականացվում են թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակների դիրքերի և զորամասերի, մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմի կոմունալ կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ»,-ասաց Սարգսյանը:

Մարտական հենակետերում, ՊՆ-ի և շինարարական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա 2021-ին թեթև մետաղական կարկասով մոդուլային տնակներով կահավորվել է շուրջ 6 տասնյակի հասնող հենակետ, ընթանում են ևս մի քանի տասնյակի հենակետերի կահավորման աշխատանքներ: Սարգսյանի վստահեցմամբ՝ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նկատի ունենալով, որ կան նոր բնագծեր:

«Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի Ծավ, Վարդավանք, Քարաշեն և Վաղատուր համայնքներում շինարարարական կազմակերպություններն իրականացնում են նաև ԶՈՒ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Արդեն կարելի է ասել, որ գրեթե պատրաստ են Ջերմուկի մշտական տեղակայման վայրի կառուցապատման աշխատանքներ: Դեռևս կան որոշակի աշխատանքներ, որոնք եղանակային պայմաններից ելնելով առաջիկայում ավելի կակտիվացվեն»,-ասաց փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում