Ճապոնիայի տրամադրած դրամաշնորհով ՀՖԿՍՊԻ-ում կվերանորոգվի ձյուդոյի և կարատեի դահլիճը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարության տրամադրած 91.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կվերանորոգվի և նորովի կշահագործվի ձյուդոյի և կարատեի համար նախատեսված դահլիճը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացած հուշագրի ստորագրման արարողությանը ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շեշտեց, որ ձյուդոն, որը ճապոնական ծագում ունեցող մարզաձև է, մեծ սեր է վայելում Հայաստանում:
«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ձյուդոն դրված է լուրջ հիմքերի վրա և կարևորվում է որպես մարզաձև: Ձեր օժանդակությամբ դահլիճը կդառնա ավելի բարետես և բարեկարգ, որն էլ կնպաստի մարզաձևի որակի բարձրացմանը»,-ասաց Գիլոյանը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման շեշտեց, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակի շրջանակներում ստորագրված հուշագիրը կարևորագույն քայլ է փոխհարաբերությունների հետագա զարգացման համար: «Ուրախ եմ, որ վերանորոգումից հետո դահլիճում մարզվելու հնարավորություն կունենան ավելի քան 700 մարզիկներ, մարզիչներ, երեխաներ, քանի որ սպորտն առողջ ապրելու միջոց է: Ուրախ եմ նաև, որ այս ծրագրի միջոցով ճապոնական մարտարվեստները` ձյուդոն և կարատեն, մեծ հետաքրքրություն կառաջացնեն»,-ասաց դեսպանը:
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն առանձնակի ընդգծեց նման ծրագրի կարևորությունն ու այն կյանքի կոչելու հնարավորությունը:
«Մարզադահլիճի վերանորոգման և վերակառուցման ծրագրի իրականացումից հետո էականորեն կբարելավի կրթության որակը բուհում, դա հնարավորություն կտա ինստիտուտին համագործակցել ազգային ֆեդերացիաների հետ»,-ասաց ռեկտորը:
Վերանորոգման աշխատանքները պետք է սկսվեն ապրիլից և կձգվեն մեկ տարի: 91,000 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհով կհիմնանորոգվի ձյուդոյի և կարատեի համար նախատեսված դահլիճը, այդ թվում՝ տանիքը, սանհանգույցը, հանդերձարանները:
Վարվառա Հայրապետյան