Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը և Մակրոնը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Փաշինյանը և Մակրոնը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ 
կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

«Կողմերն ընդգծել են, որ փոխվստահության և բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական փոխգործակցությունն առաջիկայում նոր թափով կզարգանա՝ համատեղ տարբեր նախագծերի քննարկմամբ ու իրականացմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ: Կարևորվել է  տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը և այլն:

Նշվում է, որ Էմանուել Մակրոնն իր հերթին ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը:

«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր:

Զրուցակիցները կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից : 

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am