Քաղաքականություն

Այդ քայլերը նպատակ ունեն հեղինակազրկել նաև ռուսական դերակատարությունը. Աբրահամյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

6 րոպեի ընթերցում

Այդ քայլերը նպատակ ունեն հեղինակազրկել նաև ռուսական դերակատարությունը. Աբրահամյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատել է, որ ադրբեջանական և թուրքական քարոզչամեքենան հակառուսական արշավ է սկսել. նա ադրբեջանական կողմի սադրանքներն Արցախի, Հայաստանի ուղղությամբ դիտարկում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշման համատեքստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով Արցախում գազամատակարարման հարցում առաջացած խնդրին՝ պատգամավորն ասաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես վերջին 10 օրերին շփման գծի տարբեր ուղղություններով՝ և Արցախի, և Հայաստանի, Ադրբեջանը դիմում է տարբեր բնույթի սադրանքների, մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ»:

Պատգամավորը նկատեց՝ նատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանը դեռևս թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել, տեղում իրավապահ մարմիններին աշխատանքներ իրականացնել, ապա այս թեմայով վերջնական եզրահանգում չկա: «Բայց մեծ է հավանականությունը, որ հաշվի առնելով հանգամանքը, որ գազատարի վերահսկողությունը հիմնական ադրբեջանական զորքերինն է այդ հատվածում, ապա այդ մասում կարող է Ադրբեջանի կողմից տեղի ունենալ, ըստ էության, ահաբեկչական գործողություն»,-ասաց Աբրահամյանը:

Նա նշեց՝ պետք է նկատի ունենալ, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում եղել է ՀՀ սահմանագծի Երասխի հատվածում ադրբեջանական կողմից իրականացված ագրեսիա, որի արդյունքում հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի և Մարտունու շրջանի Նորշեն և Թաղավարդ գյուղի տարածքվում Ադրբեջանը դրսևորում է տարբեր բնույթի սադրանքներ, որոնք սկսում են հրաձգային զենքերից արձակված կրակահերթերով, ականանետի կիրառմամբ, ինչպես նաև հոգեբանական գրոհի իրականացմամբ, որն արտահայտվում է բարձրախոսների միջոցով՝ հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների, նաև զգուշացնող հայտարարությունների տարածմամբ: Այդ հայտարարությունների հիմքում դրված է հետևյալ միտքը, որ նրանք պետք է հեռանան այդ հատվածներից, քանի որ իրենց հողերն են, հակառակ դեպքում հանելու են ուժի միջոցով»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից կա հստակ իրականացվող համակարգային գրոհ Արցախի ուղղությամբ:

Աբրահամյանը նկատել է, որ ադրբեջանական քարոզչամեքենան արշավ է սկսել ռուսական առաքելության հրամանատարի նկատմամբ, ինչն, ըստ նրա, պայմանավորված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով և դրա ուղղակի և անուղղակի ազդեցությամբ, որը հատկապես սուր արձագանք է ունենում Արցախում: Այս իրավիճակում, ըստ նրա, պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական և թուրքական մամուլը, որոնք ներդաշնակեցված են գործում, աշխատում են հակառուսական քարոզչության տրամաբանության ներքո:

«Եվ այն քայլերը, որոնք այսօր տեղի են ունենում, նպատակ ունեն հեղինակազրկել նաև ռուսական դերակատարությունն Արցախում և առհասարակ Հարավային Կովկասում, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը որքան խորանա, այնքան այդ հարձակումները ՌԴ-ի նկատմամբ՝ տարբեր մակարդակներով, անընդհատ նկատելի են լինելու»,-ասաց Աբրահամյանը:

Այն առաջարկները, որոնք հնչեցվում են ՀՀ ԱԳՆ-ի միջոցով՝ հայելային հետքաշման հետ կապված, չի կարծում, թե այս փուլում կարող են որևէ խնդիր լուծել: Ադրբեջանական գործողությունները լրիվ այլ տրամաբանության ներքո են ընթանում, և պատգամավորը սա նաև որոշակի ազդակ է համարում Հայաստանին և Արցախին առ այն, որ առաջիկայում կարող են լինել տարբեր բնույթի նոր սրացումներ:

Անդրադառնալով Ալիևի՝ խաղաղության մասին հայտարարություններին՝ Աբրահամյանն ասաց. «Խաղաղություն բառն ինքնին շատ գեղեցիկ է հնչում, դրանք օգտագործում են ամենատաբեր կոնֆլիկտների ժամանակ: Բայց դա չի նշանակում, որ խաղաղության մասին խոսողները կամ հայտարարություն հնչեցնողներն իրականում մտածում են խաղաղության մասին: Այն պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, դրա սկզբունքների կամ արդարության մոտեցումների հիման վրա: Ադրբեջանի ասած խաղաղության իմաստը, կարճ ասած հետևյալն է. «Ես ունեմ պահանջներ, բավարարեք այդ պահանջները և կունենաք խաղաղություն»: Բայց ես ավելին ասեմ՝ նույնիսկ այդ պահանջների բավարարման պարագայում, այսինքն ադրբեջանական հավակնությունները բավարարելու պայմաններում էլ այս տարածաշրջանում խաղաղություն չի լինելու»:

Ըստ պատգամավորի՝ հայկական կողմի խնդիրն է հասկանալ, թե տարբեր իրավիճակային զարգացումների պարագայում ինչպես է գործելու, հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ ապրելու է մի տարածաշրջանում, որտեղ լինելու է տարբեր ճգնաժամերի բարձր հավանականություն: Դրա համար նա կարևորեց, որ լինի իշխանություն, որը գիտակցում է իրավիճակի խորությունը, կկարողանա կանխատեսել հնարավոր զարգացումները և նվազագույնի հասցնել Հայաստանի և Արցախի գլխին կախված սպառնալիքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում