ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրունզիկը գալիս էր դասի, վերցնում էր կավիճը, գրատախտակի վրա ինչ-որ բան էր խզբզում, կավիճը մի կողմ էր դնում ու ասում՝ «դե ասեք՝ ի՞նչ եմ նկարել»: Հետո նեղսրտում էր, թե՝ «էհ՜, հեչ բան չեք տեսնում»: Մհեր Մկրտչյանի մեծությունը հենց դրանում էր՝ խզբզոցի, այդ սիլուետների մեջ գտնում էր պատկերներ ու մեզ նախատում՝ «տեսե՛ք, ինչքա՜ն բան կա, որ դուք չեք տեսնում»:
Ուսանողական կյանքից հուշի մի պատառիկ վերհիշեց դերասան Արմեն Մարությանը, երբ հարցրի՝ թե մեր մեծերից ու՞մ խոսքն է օրինակելի եղել, որ ամբողջ կյանքում պիտի ուղեկցի: Հաջողակ եւ սիրված դերասանը շեշտում է՝ այդպիսին է դարձել մեծ դերասանների եւ ռեժիսորների կողքին: Ավարտել է աշխարհի ամենահանճարեղ ռեժիսորներից մեկի՝ Վարդան Աճեմյանի կուրսը:
«Հանճարեղ ռեժիսոր, որը հերիք չի մեր կուրսի գեղարվեստական ղեկավարն էր, իր ասիստենտն էլ մի ուրիշ հանճար էր՝ Ֆրունզիկ Մկրտչյանը: Ես այդպիսի դպրոց եմ ավարտել, որից հետո մտել եմ Սունդուկյան թատրոն, տեսել՝ «գիգանտներին», նրանց կողքին «նիզակ» բռնել: Գուրգեն Ջանիբեկյան եմ տեսել, Արուս Ասրյան, Ավետ Ավետիսյան, անհավանական մի սերունդ: Խաղացել եմ Խորեն Աբրահամյանի եւ Ֆրունզիկ Մկրտչյանի, Վարդուհի Վարդերեսյանի կողքին: Իմ սերունդը ինչ-որ ճանապարհ է անցել՝ Ձեր ասած փառքին հասնելու համար, որ հիմա ժողովուրդը նայում ու ասում է՝ այ էս ոնց-որ լուրջ դերասան ա»,-«Արմենպրեսի»-ի հետ զրույցում նշում է Մարությանը:
Դերասանի մեկնաբանմամբ՝ թատրոնը բարդ արվեստ է, պիտի ճանապարհ անցնես, որոնես, գտնես, հետո վերարտադրես բեմում. «Կինո չէ, որ մի սերիալում դերասանի բախտը բերի՝ հերոս խաղա: Թեեւ կինոյում էլ է երեւում՝ ով ով է, ամենավատ սերիալում անգամ: Կյանքն էլ է այդպես: Կյանքում շատ բաներ են կատարվում, որ մենք չենք ուզում տեսնել, կողքով անցնում ենք: Դերասանը պիտի դրա կողքով չանցնի, պիտի խորանա, անընդհատ հետեւի իր շրջապատին, կողքի մարդկանց, մեքենաների ընթացքին, դա է մեր աշխատանքը՝ որոնել, գտնել, հետո կարողանալ դա բեմում վերարտադրել: Այդ ամենի հետ պիտի ունենալ Աստծո տված շնորհքը»:
Հետաքրքրվեցինք՝ ո՞վ կլիներ Արմեն Մարությանը, եթե բեմարվեստը նրան չսիրեր, կամ՝ դերասան չլիներ: Կրկին Ֆրունզից մի հետաքրքիր պատմություն պատմեց. «Բոլորն ասում են՝ նորից ծնվեին, կրկին դերասան կդառնային: Մի անգամ Ֆրունզիկին հարցրի՝ Դուք տաղանդավոր մարդ եք չէ՞, ասաց՝ «հա», ասի՝ օրինակ տաղանդավոր մարդը պիտի ամեն ինչ կարողանա անի չէ՞, ասաց՝ «է հա», հարցրի՝ թփով տոլմա կարո՞ղ եք եփել, ասաց՝ կարող է ու պատմեց, թե ոնց են պատրաստում: Ասելիքս այն է, որ եթե մարդը տաղանդավոր է, Աստծո կողմից շնորհք ունի, ինչ էլ անի՝ լավ է անելու: Դժբախտ տեղ է թատրոնը, մարդիկ կարող են գալ, նվիրվել, բայց ոնց խաղան՝ չստացվի»:
Արմեն Մարությանի մոտ ստացվել է՝ շնորհիվ այն մեծ հանճարների, որոնց հետ թատերական կյանքում ճամփա է անցել: Հիմա Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում երկու ներկայացման մեջ է խաղում: Հանդիսատեսը նրան կարող է տեսնել՝ «Հարսնացուն հյուսիսից» եւ «Պեպո» ներկայացումներում:
Թատերական կյանքը կորոնավիրուսի համավարակի վնասներից հետո, ասում է, նոր շունչ է ստանում: Սունդուկյան թատրոնի դերասանը շեշտում է՝ իրենց թատրոնում հանդիսատեսի պակաս չկա: Օրինակ «Հարսնացուն հյուսիսից» ներկայացումը լեփ-լեցուն դահլիճում է անցնում, «Պեպոյով» էլ հետաքրքրվում են հատկապես դպրոցականներ. կարդում են, հետո գալիս նայելու:
Խոսելով թատերական կյանքի խնդիրներից, ասում է՝ մերօրյա թատրոնին միշտ պակասում են տաղանդավոր ռեժիսորներն ու տաղանդավոր դերասանները: «Հանդիսատեսի պահանջը ո՞րն է» հարցը շատ պաթետիկ է համարում, ասում է՝ եթե թատրոնը անընդհատ մտածի՝ հանդիսատեսի պահանջի մասին, այն թե ինչ բեմադրի, որ տոմսը վաճառվի, թատրոնը կկործանվի:
Զրուցակիցս շեշտում է՝ թատրոնի առաքելությունը ժողովրդի կրթական մակարդակը, ճաշակը բարձրացնելը պետք է լինի: «Կյանքի այն բարդ բաները, որ մարդիկ չեն հասկանում, թատրոնը պիտի կարողանա այնպես մատուցել, որ մինչեւ անգամ ամենավատ հանդիսատեսը հասկանա ու մի քայլ վերեւ բարձրանա»,-նշում է նա, ապա թվարկում ՝ այսպես մտածող եւ ստեղծագործող ռեժիսորների շատ է տեսել՝ Հրաչյա Ղափլանյանը, Վարդան Աճեմյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Արմեն Էլբակյանը: Նրանք կարողացել են ներկայացումներ դնել, որ հասանելի լինի թե՛ մտավորականության համար, թե՛ պրոֆեսորի, բանվորի ու գյուղացու:
«Թատերական ճաշակ, որակ. սրանք հարցեր են, որ պիտի թատրոնը լուծի: Լավ սերունդ է գալիս, թո՛ղ փորձեն: Երիտասարդները գնում են այլ երեւույթների հետեւից՝ ոնց անեն՝ ծիծաղեցնեն, որ տոմս վաճառվի: Ճանապարհներ պիտի որոնել»,-ընդգծում է Մարությանը:
Հետաքրքրվեցինք, թե՝ մշակութային գործիչների անելիքն այս ժամանակահատվածում ո՞րը պիտի լինի, երբ ադրբեջանցիները փորձում են յուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, շեշտեց՝ դատարկ ելույթներով մշակույթ չես փրկի:
«Մենք՝ մշակույթի աշխատողներս, դերասաններս մեր գործով պիտի դրա դեմ պայքարենք: Որ հավաքվում են՝ խոսում, խոսում, սխալ բաներ են ասում: Ես խաղում էի մի ներկայացում, որը կոչվում էր «Գոյա»: Գոյան թագավորին չէր ընդունում, թագավորի դեմ էր խոսում, այդ հանճարին ծեծեցին եւ վռնդեցին իսպանացիները իրենց երկրից: Ժողովուրդը, որ նայում էր այդ ներկայացումը, ասում էր՝ ոնց-որ մեր մասին ա, մենք այդ արվեստով պիտի պայքարենք դրա դեմ: Ֆրանսիացիները բեմադրեցին «Ֆիգարոյի» ամուսնությունը, ներկայացումից հետո ժողովուրդը դուրս եկավ թատրոնից եւ հեղափոխություն արեց: Մենք գործ չունենք մտնենք քաղաքականության մեջ, մեր դիրքորոշումը արվեստով պիտի ներկայացնենք, մեր գրած երաժշտությամբ».-ասում է նա՝ հավելելով, որ քաղաքական ելույթները քաղաքական գործիչները թող անեն, արվեստի աշխատակիցներին, իր խոսքով, պետք չէ ներքաշել քաղաքական կեղտի մեջ:
«Մարդն իր գործով կզբաղվի, իր վերաբերմունքը կդնի խաղացած կերպարի մեջ, դու էլ կնայես, կհասկանաս: Մի ֆիլմ են նկարում, հետաքրքիր բան են անում, ուղիղ, կոնկրետ ասում են իմաստը: Արվեստը կոնկրետություն չի սիրում, հետաքրքիր չի: Դու խաղա «Համլետ» ես ասեմ՝ մեր Արցախի մասին է խաղում: Բարձր արվեստ արա, բարձր ճաշակով, որ տեղ հասնի ասելիքդ: Սրան-նրան են վիրավորում, դա ձեւ չի, հետո՝ ի՞նչ գիտեք՝ ով է ճիշտ»,-եզրափակեց դերասանը:
Լիանա Սարգսյան