Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Հայկական Oqni ստարտափը նախագծում է եռաչափ բիոմեխանիկական ոտքի պրոթեզներ

Հայկական Oqni ստարտափը նախագծում է եռաչափ բիոմեխանիկական ոտքի 
պրոթեզներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական բանականության վրա հիմնված ստորին վերջույթների պրոթեզներ արտադրող հայկական Oqni ստարտափը հաշմանդամություն ունեցող անձանց Հայաստանի ողջ տարածքում և Արցախում հոգեբանական աջակցություն է տրամադրելու և նվիրատվություններ է կատարելու։  «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերությունից նշեցին, որ ստարտափը տրամադրում է նաև ինտեգրված վերականգնողական աջակցություն։

Նախորդ տարի հիմնադրված Oqni-ն Թումո լաբերի հետ իրականացնում է համատեղ նախագիծ, որի ընթացքում ուսանողները տեղացի և միջազգային մասնագետների հետ ստեղծում են AI Bionic և 3D բիոմեխանիկական ոտքի պրոթեզներ:

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Թումո լաբերի» ղեկավար Բահարե Ֆաթեմիի խոսքով՝  իրենց հիմնական նպատակն է միավորել գործնական խնդիրներ ունեցող ընկերություններին ուսանողների հետ։

«Oqni-ի թիմին աջակցում ենք տաղանդներ ներգրավել: Ուսանողների հետ գործնական նախագծեր ենք անում՝ մեքենայական ուսուցման, արհեստական բանականության ուղղություններով, որի պահանջն Oqni-ն իրոք ուներ»,- նշեց նա:

Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից թիմին են միացել նաև հայրենադարձ կամավոր ֆիզիոթերապևտներ: Oqni-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Բագրատյանցն էլ նշում է, որ իրենց նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումն է։ Աշխատում են տարբեր լուծումներով։ 

Վերջինիս խոսքով՝ ունեն երեք թիմ։ Երեքն էլ տարբեր ուղղության վրա են աշխատում։  

Այժմ ֆիզիկական և հոգեկան առողջության համար հավելվածի և գրքույկի վրա են աշխատում, որը գրեթե պատրաստ է։ Նոր հավելվածում կհամատեղեն վարժություններ, որ հաշմանդամություն ունեցող զինվորներն ինքնուրույն՝ հավելվածով պարապեն: 

«Լիահույս ենք, որ այս լուծումը, որը ստեղծել ենք, կկարողանա օգնել աշխարհում բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց։ Այն նույն խնդիրները, որոնք մենք ունեցել ենք պատերազմից հետո, կարող են ունենալ ուրիշ երկրներում ևս»,- ընդգծեց Բագրատյանցը։

Երկրորդ թիմն աշխատում է 3D բիոմեխանիկական ոտքի պրոթեզի պաշտպանիչ պատյանի վրա: Թեստավորվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: Բագրատյանցը խոսքով՝ պատյանը էսթետիկ հագուստ է, որը պրոթեզի վրա են հագնում, որ ավելի գեղեցիկ լինի պրոթեզը, ու, բացի էսթետիկ տեսանկյունից, նաև առողջ ոտքի պրոպորցիան է պահում։

Բացի ոտքի պաշտպանիչ շերտից աշխատում են արհեստական բանականությամբ բիոմեխանիկական ոտքի պրոթեզների վրա։ Նշում են՝ նմանօրինակը աշխարհում մի քանիսն են, բայց դրանք ձեռք բերելը գրեթե անհնար է։ Վստահեցնում են, որ իրենք դրա մատչելի տարբերակը կարող են ստանալ։

«Համագործակցում ենք Միչիգանի համալսարանի հետ։ Համալսարանն արդեն ունի իր ռոբոտացված պրոթեզները, որը օգնում է մարդուն, օրինակ, աստիճան բարձրանալ-իջնելուց ավելի քիչ մետաբոլիկ էներգիա ծախսել։ Վերցնելով այս պրոտոտիպը՝ թերությունների վրա ենք աշխատում և նորարարական լուծումներ առաջարկում։ Կարելի է ասել, որ այն փոքրիկ համակարգիչ է, որին միանում են տվիչները կամ սենսորները։ Սենսորները հասկանում են՝ կոնկրետ ինչ շարժում է անում մարդը: Տվյալները փոխանցվում են համակարգչին: Եթե մարդը ստորին վերջույթ ունի, սենսորները դրվում են վերջույթին և կարդում են մկանի ազդակները, հետո այն շարժման են թարգմանում։ Այսպես ասած տեխնիկան հասկանում տվյալ մարդը ուզում է աստիճան բարձրանալ, թե իջնել»,- նշեց համահիմնադիրը։

Ընկերության հաշվողական նյարդաբան Արմեն Սարգսյանի խոսքով՝ իրենց նպատակն է ստեղծել այնպիսի պրոթեզներ, որոնք կկառավարվեն մարդու ուղեղի կողմից։ Նա նշեց, որ խնդիրը հետևյալն է․ հասկանալ՝ մարդն ինչ շարժում է ուզում անել։ Պետք է օգտագործելով զգայուն սարքեր՝ սենսորներ, ճիշտ տեղից ճիշտ տվյալներ հավաքել, և երկրորդը՝ արհեստական բանականություն օգտագործելով՝ այդ տվյալների հիման վրա մի համակարգ մշակել, որը կկարողանա ճիշտ ձևով և բարձր ճշգրտվածությամբ այդ տվյալները դասակարգել։ 

«Սա գիտական աշխատանք է, ցանկացած գիտական աշխատանք ունի մեծ ապագա ցանկացած երկրի համար։ Հայաստանը նախկինում ոլորտում եղել է առաջատար երկիր, ցավոք սրտի, վերջին 30 տարիների ընթացքում մեծ անկում ենք ապրել։ Մասնագետներ չկան, գնացել են։ Հիմա վերապրում է տեղի ունենում։ Այս ամենը մեծ ապագա ունի ոչ միայն առողջապահության ու հետազոտական իմաստով, այլև դրա օգուտը կարող է հասնել ընդհուպ մինչև ռազմական»,- նշեց Սարգսյանը։ 

Բագրատյանցը պատմեց, որ ամբողջ գաղափարը ծնվել է պատերազմից հետո։ Ընկերներով մտածում էին՝ ոնց կարող են անել, որ Հայաստանն աշխարհում դառնա ավելի ճանաչված: Մտածում էին, որ հայկական արտադրանքը պետք է մնայուն լինի, կարողանա կենսունակ լինել, և որը նորարարություն կլինի։ Թիմում 20 հոգի են։ Մտածում են նաև թիմը ընդլայնելու մասին։ 

«Մենք հասարակական կազմակերպություն ենք, շահ հետապնդող կազմակերպություն չենք։ Մեր ուզածը միայն մարդկանց օգնելն է։ Կազմակերպել ենք տարբեր տեսակի դրամահավաքներ, որոնց միջոցով կարողացել ենք շատ գործեր առաջ տանել։ Հպարտանում եմ, որ փոքր գումարով կարղացել ենք լիքը բանի հասնել։ Մեկ տարին լրանալու պես կունենանք ֆինանսական հաշվետվություն, թե գումարները ինչի վրա ենք ծախսել»,- ընդգծեց նա։

Հայաստանում  3D բիոմեխանիկական ոտքի պրոթեզի պաշտպանիչ շերտերն  անվճար են։ Նպատակ ունեն դրանք դրսում վաճառել ու աշխատատեղեր բացել։ Վստահեցնում են՝ Հայաստանից դուրս գտնվող  հաշմանդամություն ունեցող անձինք էլ հետաքրքրություն ունեն արտադրանքի հանդեպ։ Ամռանը մեծ քանակով արտադրություն են սկսելու։ Մտածում են արտահանման մասին։ 

Բագրատյանցը խոսեց նաև իրենց առջև ծառացած խնդիրներից։ 

«Մաքսազերծումը շատ մեծ խնդիր է մեզ համար։ Մեր գործերը հետ են ընկնում մաքսազերծման պատճառով։ Եթե մեզ սարքի ինչ-որ դետալ է պետք, մենք չենք կարող դրա համար 2 ամիս սպասել։ Դրանով մեր աշխատանքը դանդաղում է։ Բարձրաձայնում եմ սրա մասին՝ մտածելով, որ խնդրին լուծում կտրվի»,- նշեց նա։  

Պատրաստվում են մինչև մարտի վերջ հանրապետության ամբողջ տարածքում և Արցախում տարածել իրենց գրքույկներն ու հավելվածը, հոգեբանական աջակցություն ցույց տալ հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում։ Նպատակ ունեն ապացուցել նրանց, որ բոլորն էլ ամեն ինչ կարող են։ Պատրաստվում են նաև նվիրատվություններ անել։

Կարինե Տերտերյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]