Քաղաքականություն

Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի. Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի մասին

2 րոպեի ընթերցում

Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի. Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնում է, որ Հայաստանը հավուր պատշաճ կուսումնասիրի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության հռչակագրի տեքստը, և արձագանքը չի ուշանա, սակայն, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է արտաքին քաղաքականությունը վարել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին:

«Այժմ դեռ որևէ արձագանք չկա: Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, հետո արձագանքը, կարծում եմ, չի ուշանա »,-ասաց Արշակյանը:

Նա շեշտեց՝ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես ինքը հարմար է գտնում: Նա նկատեց՝ դա Հայաստանի բարեկամ երկրի վարած արտաքին քաղաքականությունն է, որն այդ երկրի սուվերեն իրավունքն է:

«Հիմա կա նաև մեր ռազմավարական գործընկերության պայմանագիրը ՌԴ-ի հետ, որն ամենաբարձր մակարդակով առաջ է գնում: Եթե ասում ենք, որ, եթե որևէ երկրի հետ մենք դաշնակցություն ենք անում, ապա այդ երկիրը մեկ ուրիշի երկրի հետ չպիտի ունենա, դա նշանակում է, որ ՀՀ-ն բազմաթիվ այլ երկրների, մասնավորապես ԵՄ-ի հետ, միգուցե նաև այլ միջազգային հարթակներում պետք է առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում»,-ասաց Արշակյանը:

Նա հորդորեց հարգել բոլոր երկրների սուվերեն իրավունքները: «Իհարկե, մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով, բայց պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունքը»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում