Մշակույթ

Առջևում նոր մրցույթներ են. «Գրքապտույտ»-ի հաղթողները ստացան իրենց նվերները

3 րոպեի ընթերցում

Առջևում նոր մրցույթներ են. «Գրքապտույտ»-ի հաղթողները ստացան իրենց նվերները

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրատարակչությունների հետ համագործակցությամբ, «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից անցկացված «Գրքապտույտ» մրցույթի հաղթողները ստացան իրենց նվերները: Գիրք նվիրելու օրը հաղթողերը ստացան մրցանակներ ամենապահանջված գրքերի շարքից: Հաղթողներին ու խրախուսական մրցանակ ստացողներին շնորհավորեց «Արմենպրես»լրատվական գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Նազարյանը՝ նշելով, որ առաջիկայում ևս սպասվում են մրցույթներ:

«Այսօրվա տոնը կարծում եմ՝ շատերի կյանքում բազմակի է: Նախ դուք մրցույթի հաղթողն եք, բացի դրանից, այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, նաև` Գիրք նվիրելու տոնը, որը հիմնադրվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի ջանքերով և արմատավորվել ու մեծապես սիրվել: «Արմենպրես»-ը, որը մշտապես կանգնած է եղել գրքի հանրահռչակման կողքին, Հայաստանի ամենաերկարակյաց լրատվական գործակալությունն է, այն 103 տարեկան է: Մենք լրահոսը թողարկում ենք վեց լեզվով և ես շատ ուրախ եմ, որ դուք մեր ընթերցողն եք, հետևորդն եք: Ուրախ կլինեմ իմանալու, որ այս մրցույթի ավարտից հետո էլ կշարունակեք լինել մեր ընթերցողը: Մենք կանենք ամեն ինչ ձեզ կրկին ուրախության, հպարտության առիթներ պարգևելու, որովհետև հայտարարելու ենք նոր մրցույթներ»,- ասաց Նարինե Նազարյանը:

Գրքի տոնին ընդառաջ «Արմենպրես» լրատվական գործակալությունն անցկացրել է «Գրքապտույտ» մրցույթ- նախագիծը, որի շրջանակում մեկ ամիս գործակալության «Ֆեյսբուք» սոցիալական ցանի հարթակում ներկայացվել են մրցութային տարբեր հարցեր: Մրցույթը բաղկացած է եղել 4 փուլից: Շաբաթը մեկ անգամ հրապարակվել է մրցույթի առաջադրանքը, իսկ համակարգը ճիշտ պատասխաններից պատահականության սկզբունքով ընտրել է 3-ը: Գործընկերներ հրատարակիչների՝ «Բուկինիստ»-ի, «Զանգակ»-ի, «Newmag»-ի, «Էդիթ պրինտ»-ի, «Անտարես»-ի աջակցությամբ, մրցութային կարգով խաղարկվել է ընդհանուր 12 գիրք: Եվս 5 գիրք տրվել է որպես խրախուսական մրցանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում