Հասարակական

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի փակման բողոքի ակցիան ավարտվեց, ճանապարհը բացվեց

2 րոպեի ընթերցում

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի փակման բողոքի ակցիան ավարտվեց, ճանապարհը բացվեց

ԳԱՎԱՌ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր իրականացված բողոքի ակցիայի արդյունքում մի քանի ժամ փակ էր մնացել Վարդենիս-Մարտունի միջպետական նշանակության ճանապարհը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բողոքի ակցիան իրականացրել էին Վարդենիսի ավագանու ձայների մեծամասնության քվեարկության արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի ավագանու նիստում Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները։ Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պնդում էին, որ Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարը չի կարողանում իրականացնել իրականացնել իր լիազորությունները, քանի որ նրա աշխատանքի համար ստեղծվում են տարբեր խոչընդոտներ, մասնավորապես, համայնքապետին նախկին իշխանությունները չեն հանձնում համայնքապետի աշխատասենյակի կնիքը եւ բանալիները։ Բողոքի ակցիային նախորդել էր Վարդենիս համայնքի ավագանու նիստը։ Բողոքի ակցիա իրականացնողների հետ ճանապարհը բացելու բանակցություններ էր վարում ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։

Բողոքի ակցիան ավարտվեց ժամը 16-ի սահմաններում, երբ ճանապարհը փակած մարդկանց խմբի հետ հանդիպելու եկավ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ կայացել է զրույց իր եւ Գեղարքունիքի մարզպետի միջեւ, եւ հույսեր կան, որ առաջիկա 10 օրերի ընթացքում իրավիճակը լիովին կկարգավորվի, աշխատանքները կմտնեն բնականոն հունի մեջ։ «Կոչ եմ անում ավարտել քաղաքական ակցիան, բացել ճանապարհը եւ անցնել ձեր առօրյա հոգսերին։ Հուսով եմ, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի»,-ներկաներին դիմեց Ահարոն խաչատրյանը։

Այդ կոչից հետո բողոքի ակցիայի նախաձեռնողները բացեցին ճանապարհը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում