Հասարակական

Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից. Վլադիմիր Վարդանյան

2 րոպեի ընթերցում

Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից. Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայհոյանքը որպես բարոյական նորմ արգելված է եղել, արգելված է և, հույս ունեմ, արգելված կլինի Հայաստանում:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպության հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնվել ՀՀ քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով:

«Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից: Ցավոք, հայհոյանքը սոցիալական ցանցի առկայության պարագայում վերացվել է մի դաշտի, որը կարող է բերել հանցավոր երևույթների: Հայհոյանքը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ խոսքի ազատության սահմանափակման այն իրավաչափ դեպքերից է, երբ, ըստ էության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրում: Ես չեմ խոսում ոչ շեմային դեպքերից, ոչ վիրավորանքի այլ դրսևորումներից: Գիտեք, որ օրենքի ընդունման նպատակը նախ և առաջ այդ իրավիճակը շտկելն էր»,- ասաց Վարդանյանը:

Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարության մեջ նշվում է, որ այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի է ազատ խոսքի համար:

Freedom House հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը, ըստ կազմակերպության, կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում