Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Մեկնարկել է ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը

Մեկնարկել է ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկա էին Հայաստանի ու Արցախից խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը:

Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անցած ճանապարհի մասին պատմող ֆիլմով: Ներկայացվեցին  կուսակցության գործունեության տարբեր շրջափուլերը՝ ազգային ազատագրական պայքարի կազմակերպում ու առաջնորդում, հայկական հարցի վրա եվրոպական երկրների ուշադրության սևեռում, հայ բնակչության ինքնապաշտպանություն, կամավոր բանակ և այլն:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի խոսքով` տասնամյակների ավանդույթ է ամեն տարի նշել ՀՅԴ-ի օրը: Դա առիթ է արժևորելու անցած ճանապարհը, խոսելու բացթողումների, չարված գործերի մասին:

«Առիթ է նաև հանրայնացնելու Դաշնակցության մոտեցումները և տեսակետները առանցքային հարցի վերաբերյալ: 1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճարկվել կատարել հայ ժողովրդի պատմության մեջ: Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից: Պայքարի ու նվիրումի անմնացորդ 131 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրության դատին»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ Դաշնակցությունը եղել է ,կա և լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հային ու հողին:

Ըստ նրա՝ Դաշնակցությունը անցյալ ունեցող, ներկայով ապրող ու ապագայի տեսլականով կազմակերպություն է:

«1999-2009 թվականները և 2016-2018 թվականները Դաշնակցությունը տարբեր ձևերով մաս է կազմել իշխանությանը: Մենք ոչ միայն լավ կռվել գիտենք, այլև՝ կառուցել: Ժամանակն է լծվել պետականաշինության գործին: Շատ է խոսվում այդ տարիների և՛ ձեռքբերումների, և՛ բացթողումների մասին: Մենք մեր ուժերով, համահայկական կառույցով և՛ Հայաստանում, և՛ Արցախում մասնակցել ու մեր նպաստն ենք բերել երկու պետականությունների կառուցմանը»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]